211652_close_icon
views-count592 դիտում article-date 21:18 12-10-2020

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Այս մասին գրառում է արել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր, ում լիազորութունները դադարեցվեցին Սահմանադրական փոփոխություններով, ինչի վերաբերյալ դիմում կա ՄԻԵԴ-ում: Այնուհետև Կառավարությունը, Դատավորների ժողովն ու ՀՀ նախագահն առաջադրեցին ՍԴ թեկնածուներ: Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտվեցին ՍԴ դատավորներ, ինչին հաջորդեց ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրությունը: Երեք օր տևած նիստում ՍԴ նախագահ չընտրվեց: Դատարանի նախագահի թեկնածու էր ինքնաառաջադրվել Երվանդ Խունդկարյանը, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել: Խունդրակյանի չընտրվելուց հետո առաջադրվել և ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվել է Արման Դիլանյանը: Կենսագրություն Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում: 1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»: 21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ: 29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները: 03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ): 2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Նմանատիպ նյութեր