8250 դիտում
10:41 14-10-2020
Հարձակվել և հարձակվելու են՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ է սկսվել պատերազմը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՞ն: 2016 թվականի ապրիլի՞ն: 1992 թվականի՞ն, երբ սկսվեցին ակտիվ մարտական գործողությունները: Ամեն մեկը, հավանաբար, ունի իր սուբյեկտիվ ընկալումը: Անձամբ ինձ համար պատերազմը սկսվեց 1988 թվականի փետրվարի 28-ին Սումգայիթում, որովհետև մինչ այդ պահը ես կարծում էի, որ հայերով բնակված ինքնավար մարզը Մոսկվան կարող է փոխանցել Խորհրդային Հայաստանին, և խնդիրը դրանով կփակվի: Իհարկե, պատրանք էր, որը, հավանաբար, կիսում էին հայերից շատերը:
Իսկ երբ 1991-ին Խորհրդային միությունը փլուզվեց, մենք այլևս չէինք հավատում, որ ադրբեջանցիների հետ խաղաղ, քաղաքակիրթ ձևով կբաժանվենք իրարից, ինչպես Չեխիան և Սլովակիան:
Բայց մեզանից շատերն այդպես են մտածում, որովհետև դա՛ ենք տեսել մեր աչքով, դա՛ ենք զգացել մեր մաշկի վրա: Իսկ նրանք, ովքեր ապրել են մեզնից առաջ կամ նրանք, ովքեր խորացած են պատմական իրողությունների մեջ, հավանաբար, կհաստատեն, որ մեր ժողովրդի դեմ պատերազմն ընթանում էր նաև խորհրդային ժամանակաշրջանում՝ առանց հրացանների կրակոցների և հրանոթների համազարկերի: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ, օրինակ, 1988 թվականին ժամանակին հայաբնակ Նախիջևանում մնացել էր միայն երկու հայկական գյուղ:
Մնացած փաստերը չթվարկեմ՝ ամեն ինչ առանց այդ էլ պարզ է: Իսկ դրանից առաջ՝ Օսմանյան կայսրությունում մի՞թե հայերի դեմ պատերազմ չէր մղվում:
Միակ տարբերությունն այն է, որ 1918-20 թվականներին և 1991-ից սկսած մենք ունենք պետություն և բանակ, և հայորդիները հնարավորություն ունեն դիմադրելու մեր դեմ տարվող պատերազմում, իսկ դա, համաձայնեք, հսկայական տարբերություն է: Թուրքերը, ինչպես նաև 20-21-րդ դարերում նրանց գործիքը հանդիսացող ադրբեջանցիները, գերադասում են պատերազմել անզեն մարդկանց դեմ, ու երբ տեսնում են, որ իրենց դիմադրում են, դա, ըստ ամենայնի, նրանց համար անակնկալ է: Պարզապես պիտի հաշվի նստեն այն իրողության հետ, որ այլևս անպատիժ չեն մտնի մեր տները, չեն սպանի կամ աքսորի անզեն մարդկանց:
Իսկ որ հարձակվել են և դեռ հարձակվելու են, դա, իր հերթին, չպիտի անակնկալ լինի մեզ համար: Հարձակվել և հարձակվելու են՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության, անգամ անկախ նրանից, արվում են մեր արտաքին քաղաքականության մեջ սխալներ, թե ոչ (իհարկե, արվում են, բայց դրա մասին խոսելու ժամանակը չէ): Հարձակվում են այսօր, հարձակվելու են նաև վաղը, եթե նույնիսկ մի քանի օրով, շաբաթով կամ ամսով հրադադար հաստատվի: Հարձակվելու են ժողովրդավարական, ավտորիտար կամ բռնապետական Հայաստանի վրա:
Պարզապես հրադադարի օրերին նույնպես պետք կլինի հասկանալ, որ պատերազմը շարունակվում է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2936 դիտում
10:35 26-10-2018
ՀՀԿ-ն է ընդդիմության հայտ ներկայացրել, անկախ նրանից` կանցնե՞ն խորհրդարան, թե՞ ոչ․ «Առավոտ»
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»