211652_close_icon
views-count13338 դիտում article-date 22:32 28-10-2020

Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. մարտերը շարունակվում են

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Բերձորի ուղղությամբ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: [url=https://armenpress.am/arm/news/1033096.html?fbclid=IwAR3jaL5lIQ_wNJBwHlgC8-gw6pkFlbii88TJDvWl5YIRRz3qX2D7FAi3GwU]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր ամբողջ օրն Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրան աջակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից, մինչև հարաբային ուղղությունը: Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն, չնայած նրա որոշակի ջանքերի: Այս ուղղությամբ մեր ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կողմից հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ: «Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ: Շարունակվել են նաև նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այդ աշխատանքները կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նմանատիպ նյութեր