1053 դիտում
13:26 09-11-2020
ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ՀՀ-ում COVID-19-ի հետևանքների չեզոքացմանը
Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը COVID-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԵՄ-ի պատվիրակության գրասենյակը տեղեկացնում է, որ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:
Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը COVID -19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:
Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված աշխատատեղերի պահպանմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը, ինչպես նաև COVID -19 համավարակից առավել տուժած անձանց համար առողջապահական և սոցիալական հիմնարար ծառայությունների ապահովմանը: Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն ՔՀԿ-ների և եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին և տնտեսավարողներին օժանդակությանը:
«Այսօր, երբ աշխարհն առերեսվում է COVID -19 համավարակի հետևանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամին, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հակազդմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսևորումն է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք COVID -19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այս ուղղակի բյուջետային աջակցության հատկացումը Հայաստանում COVID -19-ի դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի և իր քաղաքացիների կուռ նվիրվածության ևս մեկ շոշափելի ապացույցն է: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը և COVID -19-ի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար և տնտեսական հետևանքների հակազդմանը: Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ․ Անդրեա Վիկտորինը։
ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից, որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։ Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները` աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին:
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
14:54 03-10-2019
Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
2354 դիտում
13:05 24-08-2020
ԱՄՆ-ն լրացուցիչ 1,4 մլն դոլար աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին