211652_close_icon
views-count1823 դիտում article-date 17:14 14-11-2020

Արցախի ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին: Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ Մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ: Արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և կանխելու համար: Իր հերթին Բարոնուհի Քերոլայն Քոքսը ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին մշտապես բարձրաձայնել է միջազգային հարթակներում, իսկ պատերազմի ընթացքում՝ կոչ արել շահագրգիռ կառույցներին՝ գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը: Բարոնուհին շեշտադրել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար, և միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքների ու հիմնախնդիրների վրա: Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Արցախում ստեղծված մարդասիրական աղետին և մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար: Հանդիպումից հետո պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր