211652_close_icon
views-count1484 դիտում article-date 12:25 01-12-2020

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։ Այս մասին հայտնեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությունից: «Այսօր ստեղծված իրավիճակի հետևանքով կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչև հոգեբանական, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք և անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար,- ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի տրամադրվել են սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն և հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10 000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև անհայտ կորածների և գերիների հարազատներին։ ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան և տրամադրելով հոգեբանական աջակցություն։ ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինածառայողների բուժման և վերականգնման գործընթացին։ Հակամարտության հետևանքով ընտանիքների տարանջատումը կանխելու և տարանջատված ընտանիքների վերամիավորմանը նպաստելու նպատակով ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որը մինչ օրս ստացել է մոտ 3200 զանգ։ ՀԿԽԸ-ն աջակցել է մասնավոր կացարաններում ապաստանած մարդկանց՝ նրանց համար ապահովելու հիմնական ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջեռուցումը և ջուրը, տրամադրելով 311 միլիոն ՀՀ դրամ՝ նոյեմբեր ամսվա կոմունալ ծախսերի համար։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։ Ողջ գործունեությունն իրականացվում է հետևելով հակահամաճարակային կանոններին և նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ և պաշտպանիչ նյութեր։ «Հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է, և մարդասիրական կարիքները բազմապատկվելու են, մշակում ենք միջնաժամկետ ծրագրեր, այդ թվում ապահովելու համար հիմնական ծառայությունների և առաջին անհրաժեշտության իրերի՝ այդ թվում ջեռուցման, էլեկտրականության և ջրի հասանելիությունը։ Այնուհետև, հիմնվելով գնահատումների և խիստ կարիքի վրա կանցնենք վաղ վերականգնման և վերակառուցման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: Արդեն 100 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես երկրում գործող խոշոր մարդասիրական կազմակերպություն, մշտապես ամենախոցելիների կողքին է », - հավելում է գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Նմանատիպ նյութեր