211652_close_icon
views-count1543 դիտում article-date 13:11 04-12-2020

Հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի մասնակցում էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Այվազյանը նշեց, որ հանդիպման նպատակն է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին իրազեկել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի գնահատականների և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: «Հարավային Կովկասում գործի են դրվել ուժերի հավասարակշռությունը փոխելու նույն միջոցները, որոնք նախկինում և այժմ նույնպես օգտագործվել են Մերձավոր Արևելքում, այն է՝ ահաբեկիչների բանակի կազմակերպում և դրանց ներմուծում հակամարտության գոտի, սպառազինությունների ապօրինի փոխադրում, պատերազմներին արժեքային բովանդակության հաղորդում: Ելնելով վերոնշյալից՝ ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը, ցավոք, անխուսափելի էր, քանի որ մեծապես հրահրված և կազմակերպված էր արտատարածաշրջանային ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից: Եվ այս փուլում մենք կարող ենք արձանագրել, որ Թուրքիային հաջողվեց ապակայունացնել իրեն սահմանակցող ևս մեկ տարածաշրջան՝ ի դեմս Հարավային Կովկասի»: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությանը հրադադարի հաստատման գործում, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքին՝ նախարար Այվազյանը նշեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և համանախագահ երկրները կոչված էին ոչ միայն հակամարտության կարգավորման մանդատով, այլև տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմամբ: Այս տեսակետից բացառիկ դերակատարում ունեցավ ՌԴ-ն, որին հաջողվեց հասնել հրադադարի հաստատման և հակամարտության գոտի խաղաղապահների տեղակայման: Մենք երախատապարտ ենք նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որոնք նույնպես դիվանագիտական ջանքեր գործադրեցին հրադադարի հաստատման ուղղությամբ և հանդես եկան իրավիճակի վերաբերյալ արդարացի գնահատականներով: Կարևոր է նաև մի շարք այլ երկրների կողմից խաղաղությանն աջակցության ցուցաբերումը, որն արտահայտվում է նաև հումանիտար ծրագրերին մասնակցությամբ: Արցախի ժողովրդին բաժին է հասել մեծ փորձություն: Վտանգվել են նրա ֆիզիկական գոյությունը, տնտեսական կյանքը, ինքնության մաս կազմող մշակութային և կրոնական կոթողները, մարդու հիմնարար իրավունքները: Հայաստանի ժողովուրդը նույնպես անմասն չի մնացել այս զրկանքներից և շարունակում է աջակցել Արցախի ժողովրդին, այդ թվում տասնյակ հազարավոր տեղահանվածներին»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: Ի թիվս հրատապ լուծում պահանջող հարցերի՝ նախարար Այվազյանն ընդգծեց միջազգային գործընկերների, այդ թվում միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությամբ արցախահայության կարիքների հասցեագրումը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցությունը: Նախարարը օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կրոնական և մշակութային ժառանգության բազմաթիվ նշանակալից կոթողներ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: «Ադրբեջանի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական հուշարձանների բնաջնջումը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել Արցախի հուշարձանների ճակատագիրը և այս տեսակետից միջազգային վերահսկողությունն անհրաժեշտ է»: Նախարար Այվազյանն ընդգծեց նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում ինքնորոշման իրավունքի մասով: «ԼՂ հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ռազմական ուժի կիրառումը, ինչը մեկ անգամ ևս փաստվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով: Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող զրկել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից, այլև հիմնավորում է ինքնորոշման իրավունքի իրականացման անհրաժեշտությունը»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտեց եռակողմ հայտարարության մեջ առկա հումանիտար դրույթների իրականացման հրատապությունը, նախևառաջ՝ գերիների և պատանդների փոխանակման, դիերի տարհանման, Արցախ տեղահանվածների վերադարձի մասով՝ անընդունելի համարելով այս հարցում արհեստական խոչընդոտեներ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի քայլերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ելույթում ամփոփ ներկայացրեց իր նախորդ փակ զեկույցները, մասնավորապես, անդրադարձավ ռազմագերիների և խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների բազմաթիվ հիմնավոր փաստերին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանն իր խոսքում նշեց, որ կարևորագույն արդիական հարցերից է ոչ միայն այս պատերազմի ընթացքում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, այլ նաև պատերազմից առաջ և պատերազմից հետո գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի խնդրի ապահովումը: Իր խոսքում Արման Թաթոյանը առանձնացրեց, որ Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն արհեստականորեն ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը, ինչն անընդունելի է: Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ սոցիալական մեդիայի հարթակում հրապարակվող տեսանյութերն ու լուսանկարները մեծ ոգևորվածությամբ են ընդունվում ադրբեջանական հասարակության կողմից, ինչն այդ իշխանությունների կողմից տասնամյակներ ներդրված հայատյաց քաղաքականության վառ դրսևորումն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր