211652_close_icon
views-count1294 դիտում article-date 11:25 16-12-2020

Գյուղապետերի ուսերին չի կարելի դնել անվտանգության խնդիրները. մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով երեք արձանագրություն է ստորագրել, որոնք համաձայնեցվել են նաեւ Ադրբեջանի հետ: Մինչ այս պահը, համենայնդեպս, լայն հասարակությանը դա հայտնի չէր, եւ ես որոշակի կասկածներ ունեմ, թե մեր դաշնակից Ռուսաստանը համաձայնեցրել է մեզ համար այդչափ զգայուն խնդրի վերաբերյալ իր այս քայլերը Հայաստանի հետ: Ավելին՝ որոշակի կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ էլ չեն պահել այդ արձանագրությունների մասին: Եթե Ռուսաստանին ձեռնտու լինի՝ Կրեմլը կգնա ցանկացած գործարքի Թուրքիայի հետ՝ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ նրա տարածքի վերաբերյալ, իսկ երբ համապատասխան ռուս-թուրքական որոշումներն ընդունվեն, մեզ կպարտադրեն դրանք կատարել: Բայց ես ամենեւին հակված չեմ այդ հարցում մեղադրել Ռուսաստանին. պարզապես այդ երկիրն առաջնորդվում է իր շահերով եւ հաշվարկներով, որտեղ մենք որպես գործոն գոյություն չունենք: Ամպագորգոռ հայտարարություններն այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցությունների սեղանին, մաքուր բլեֆ էին: Մեկը լիներ՝ Հայաստանին այդ սեղանի մոտ հրավիրեր: Մինչեւ 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ պետական ինստիտուտները, լավ թե վատ, գործում էին: Հեղափոխությունից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետեւ նոր (ոչ կոռումպացված) իշխանությանը թվում է, որ երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով եւ «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգնե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերեւս, պետական առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները: Գյուղապետերն են փորձում կազմակերպել մարդկանց, ուղղորդել GPS-ներում մոլորված համագյուղացիներին եւ անգամ բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց գյուղապետերի ուսերին չի կարելի դնել անվտանգության խնդիրները. մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն, որի ներկայացուցիչները պետք է շփման մեջ մտնեն մարդկանց հետ եւ ապահովեն մարդկանց անվտանգությունն ու խաղաղ աշխատանքը: Այդպես եմ ես պատկերացնում պետության գործառույթը: Հա, մոռացա, կան ավելի կարեւոր գործեր՝ ուղերձների միջոցով բացահայտել «ներքին թշնամիներին» եւ ֆեյսբուքում ջախջախիչ հարվածներ հասցնել բոլոր ընդդիմախոսներին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր