128487 դիտում
10:48 02-01-2021
Երևանում 26-ամյա վարորդը Porsche Panamera-ով տապալել է ծառը. վարորդին ու ուղևորին առաջինը օգնության են հասել բժիշկ-ուսանողները. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 05:40-ի սահմաններում,Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած Porsche Panamera մակնիշի 17 RD 777 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Հարվածի արդյունքում ծառը մի քանի տեղից կոտրվել էր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Սմբատյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պողոսյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում բնակվող բժիշկ-ուսանողները:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել հովացման աշխատանքներ, քանի որ ավտոմեքենայի առջևի հատվածոմ ծուխ է նկատվել, ապա և սահմանազատել տարածքը:
Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Հարություն Թագվորյանն ու Էրիկ Գալստյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասպանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+