211652_close_icon
views-count1469 դիտում article-date 15:05 15-01-2021

Քանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի հավերժացումը․ Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի հավերժացումը: Այս պատերազմը ծանր կորուստներ և հետևանքներ ունեցավ մեր երկրի և ժողովրդի համար: Հետպատերազմյան շրջանում ու հատկապես վերջին օրերին զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների շուրջ տիրող իրավիճակը այլևս անտանելի է: Այն ընտանիքները, որտեղ մեծացել և դաստիարակվել են մեր նահատակները, պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Տղաներն ընտրել են գիտակցված մահը, որպեսզի մեր Հայրենիքը հարատևի: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ տղաները զոհվել են ոչ թե «հանուն ՈՉՆՉԻ», այլ՝ հանուն մեր Երկրի, հանուն մեր ապագայի: Ես անձամբ պատերազմի օրերին Արցախում տեսել եմ թե ապագայի հանդեպ ինչպիսի հավատով և հայրենիքի հանդեպ ինչպիսի սիրով են այդ տղաները նետվել մարտի: Երևանի պետական համալսարանը նույնպես մեծ կորուստներ ունեցավ այս պատերազմում: Զոհվել կամ անհետ կորել են շուրջ 100 համալսարանականներ: Համալսարանական գործընկերների և ուսանողների հետ որոշել ենք ստեղծել «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը: Այցելելու ենք այդ ընտանիքներին, լսելու ենք իրենց զավակների և հայրերի կյանքի պատմությունը, նրանց երազանքների և նպատակների մասին, այդ ամենը հանրայնացնելու ենք, փոխանցելու ենք մեր ժողովրդին, պահպանելու ենք գալիք սերունդների համար: Այցելելու ենք՝ հավաստիացնելու, որ մենք գնալու ենք իրենց անմահացած զավակների նպատակների և երազանքների հետևից: Մենք կառուցելու ենք քաջ հայորդիների երազանքների երկիրը և երբեք ու երբեք չենք հրաժարվելու մեր տղաների արյունով պահպանված Հայրենիքի որևէ հատվածից: Եվ ինչպես սիրում էր Սպարապետի խոսքերն անընդհատ կրկնել Արցախում անմահացած մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը՝ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքին»: Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի...

Posted by Վահագն Վարագյան on 2021 թ. հունվարի 15, ուրբաթ

Նմանատիպ նյութեր