211652_close_icon
views-count1981 դիտում article-date 20:47 17-01-2021

Նաիրա Զոհրաբյան. Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լյուստրացիայի ժամանակը 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության եւ դավաճանների մասին։ Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլեւս բաց է թողնված ու հասարակությունը միեւնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը։ Որտեղ, ըստ հենց իրենց հայտարարությունների, տեղի է ունեցել նաեւ դավաճանություն։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում արեւելյան ու արեւմտյան Եվրոպայի, տարբեր տարիների ընդունել են լյուստրացիայի մասին օրենք եւ գաղտնազերծել են բոլոր գործակալներին։ Նման օրենքի անհրաժեշտության հիմնավորումը շատ հստակ է՝ սահմանադրական կարգի եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխում։ Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ։ Վերջին երկուսուկես տարում մեր իմունային համակարգը զրոյացրեցին եւ ես իրավունք ունեմ ունենալու լեգիտիմ կասկածներ, որ այդ ամենն արվել է հատուկ ծրագրավորված ու էստեղ, այո, ամենամեծ դերակատարությունն ունեցել են տարբեր երկրների կողմից ֆինանսավորվող գործակալական ցանցեր, որոնք գործել ու շարունակում են գործել ամենադեմոկրատ անվանումների եւ գաղափարների անվան տակ։ Այո, քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի։ Ի վերջո, այսօր քաղաքական դաշտում, իշխանության տարբեր օղակներում կան բազմաթիվ գործիչներ, ովքեր եղել են թուրք-ադրբեջանական խաղաղասիրական գրանտների շահառուներ, ովքեր եվրոպական տարբեր երկրներում ամիսներով ադրբեջանցիների հետ ապրել են այսպես կոչված՝ «խաղաղության ճամբարներում», ում հասարակական կազմակերպությունները սորոսաթրքական ֆինանսական խողովակներով ավերիչ գաղափարներ են տարածել՝ փորձելով բացել օվերտոնի պատուհանը։ Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պիտի ձեւավորվի կոնսեսուս՝ լյուստրացիայի հետ կապված, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր երկրի անվտանգության ողնաշարը, որը փշուր-փշուր է արված։ Ու թող ինձ չասեն, թե ագենտների գաղտնազերծումը բացելու է պանդորայի անկառավարելի արկղը։ Եթե մեր ազգային իմունիտետը վերականգնելու համար մենք պարտադրված ենք լինելու անցնել պանդորայի արկղի միջով, ուրեմն պիտի քաջություն եւ համարձակություն ունենանք անցնելու։ Այլ տարբերակ պարզապես չկա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր