211652_close_icon
views-count2375 դիտում article-date 09:23 18-01-2021

ԱՄՆ պետքարտուղարությունը և ԵՄ երկրներն արձագանքել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությանը

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է [url=https://ria.ru/20210118/navalnyy-1593441672.html]ria.ru[/url]-ն։ «Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու Ռուսաստանի որոշումը։ Մեծ մտահոգությամբ նշում ենք, որ Նավալնիի ձերբակալությունը նրան և մյուս ընդդիմադիրներին լռեցնելու փորձերի շարքում վերջին իրադարձություններից է։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- ասված է հայտարարության մեջ։ Հայտարարությունում ՌԴ կառավարությանը նաև կոչ է արվում ընտրական գործընթացում հավասար հնարավորություններ ապահովել բոլոր քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար։ Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև Ջեյք Սալիվանին, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, նախօրեին Մոսկվա վերադառնալուն պես ձերբակալվել է։ Նրան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Բեռլինից: Նշվում է, որ նրա դեմ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը Նավալնին կմնա կալանքի տակ: ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է ձերբակալել Նավալնիին, երբ վերջինս հայտարարել էր Ռուսաստան վերադառնալու ցանկության մասին:

Նմանատիպ նյութեր