211652_close_icon
views-count1738 դիտում article-date 18:36 22-02-2021

Եթե կառավարությանը դեմ խոսողին ձերբակալում են մի բանի համար, որի համար կառավարությանը կողմ խոսողին չեն ձերբակալում՝ ուրեմն ձերբակալվածը քաղբանտարկյալ է. Նահապետյան

Եթե կառավարությանը դեմ խոսող մարդուն ձերբակալում են մի բանի համար, որի համար կառավարությանը կողմ խոսող մարդուն չեն ձերբակալում՝ ուրեմն հակակառավարական հայացքներ ունեցող ձերբակալվածը քաղբանտարկյալ է։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը:

«Լինել քաղբանտարկյալ չի նշանակում լինել անմեղ, չի նշանակում լինել լավը, չի նշանակում տվյալ արարքը կատարած չլինել։ Լինել քաղբանտարկյալ պարզապես նշանակում է դատվել մի բանի համար, որի համար չէիր դատվի, կամ էդքան խիստ չէիր դատվի, եթե պրոկառավարական հայացքների տեր լինեիր։ Ու ես պնդում եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպիտի լինեն։ Այսինքն ես պնդում եմ, որ, եթե հակակառավարական հայացքներով բռնություն քարոզողները դատվում են՝ պիտի դատվեն նաև պռոկառավարական քարոզիչները։

Բայց էստեղ կա մի շատ նուրբ դետալ. արդյո՞ք պաշտպանության արժանի է այն քաղբանտարկյալը, ով հայտարարում է, որ քաղաքական հայացքների համար բանտ նստացնելը ճիշտ է, որ ինքը ավելի դաժան բաներ կաներ, եթե իշխանություն ունենար։ Ես ուզում եմ ֆիքսել, որ ձերբակալվածներից ոմանք երկուսուկես տարում լեգիտիմացրել են քաղաքական հակառակորդի հետ հաշվեհարդար տեսնելու գործելաոճը ու դա է հիմա կապում մեր ձեռքերը նրանց ազատորեն պաշտպանելու հարցում։

Հայաստանում սպիտակն ու շագանակագույնը շատ անդուր ձևով խառնվել են իրար ու հակաբարոյական այս միջավայրը պարզապես պետք է կործանել ու զրոյից հավաքել՝ ինչը հակաբարոյական խեղկատակների անելիքը չի», - նշել է Նահապետյանը:

Նմանատիպ նյութեր