211652_close_icon
views-count3154 դիտում article-date 15:38 28-02-2021

Հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ-ում ներքին բախումներ չլինեն. Արթուր Վանեցյան

Հավաքվել են պահեստազորի գեներալներ, սպաներ, Ազգային անվտանգության, Ոստիկանության քննչական, մաքսային, հարկային մարմիններից, բոլորն իրենց մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված և եկել են այստեղ քննարկելու և միասին հասկանալու իրենց մասնակցությունը ճգնաժամից դուրս գալու համար. Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ի՞նչ որոշում է կայացվել, Վանեցյանն ասաց, որ քննարկումը դեռ շարունակվում է. «Կա ֆիքսված փաստ, որ երկրում ճգնաժամ է, և բոլորս մեր ուժերը, փորձը, հեղինակությունը պետք է գործադրենք՝ այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար»:

Անդրադառնալով փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրամանը և այն վերադարձրեց, Վանեցյանն ասաց, թե դա նշանակում է, որ նախագահն օգտագործեց իր սահմանադրական լիազորությունները և որպես Սահմանադրության պահպանող այն իրականացրեց, ինչը շատ ողջունելի է:

Հարցին, թե վաղը մարտի 1-ն է, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք և երթ է հրավիրել, արդյոք հնարավոր են բախումներ, Վանեցյանը պատասխանեց. «Հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են և նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն: Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ, երկու կողմերը շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառեն, բռնությունն անթույլատրելի է»:

 

Նմանատիպ նյութեր