211652_close_icon
views-count2645 դիտում article-date 23:10 11-03-2021

Եթե ուզում են ստեղծել ընդդիմության և Նիկոլ Փաշինյանի հանդիպման այնպիսի տեսարան, ինչպես երեկ եղավ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճույքը նրանց չենք պարգևի. Իշխան Սաղաթելյանը՝ նախագահի՝ առաջարկի մասին

Tert.am-ը գրում է. Մենք կարևորում ենք երկրում ստեղծված իրավիճակից, ճգնաժամից հրատապ դուրս գալու անհրաժեշտությունը, պատրաստ ենք հանդիպման, բայց այդ հանդիպումը չպետք է լինի ձևական: Ավելի մատչելի ասեմ՝ եթե ուզում են ստեղծել ընդդիմության և Նիկոլ Փաշինյանի այնպիսի հանդիպման տեսարան,  ինչպես երեկ եղավ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճույքը նրանց չենք պարգևի: Բայց եթե իրականում ուզում են երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել, ապա մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  կողմից հրավիրված հանդիպմանը կմասնակցեն միայն այն օրակարգով, որը նրանք են առաջարկում, հակառակ դեպքում՝ որևէ շոուի ականատես չեն ուզում լինել: «Մինչ այս պահը պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունե՞լ է Արմեն Սարգսյանի հանդիպման առաջարկը, թե՞ ոչ, ես չգիտեմ  նրանք պայմանավորվածություն ունե՞ն, թե՞ ոչ, բայց մեզ դա չի էլ հետաքրքրում»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ իրենց պայքարի և վճռականության հետ կապված որևէ բան չի փոխվել: «Նիկոլ Փաշինյանն ընտրություններից խոսում է այն ժամանակ, երբ շարժումը թափ է հավաքում, ուժեղանում է: Երբ շարժումն իր թափը որոշակիորեն կոտրում է, նա ասում է՝ դե լավ, ժողովրդական պահանջ չկա, ընտրություն չի լինելու: Նա հաճախ այս քայլերով կարողացել է ազդել շարժման ընթացքի վրա, այս անգամ չի հաջողվի դա նրան»:

Նա շեշտեց, որ Փաշինյանն ընտրությունների չի գնում, քանի որ վախ ունի չընտրվելու  և այդ պատճառով հուշագրերի ստորագրում է ուզում խորհրդարանից: Վերջինս ընդգծեց, որ առաջացած խնդիրները կարող են հանգուցալուծվել միայն իրենց առաջարկած տարբերակով, քանի որ իշխանության քայլերն ու հայտարարությունները, ըստ նրա որակման, բլեֆ են:

«Նախագահը պետք է ողջունի մեր օրակարգը: Բայց եթե այդ սեղանի շուրջ պետք է քննարկվի Սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք, օրենքներ, ապա գնանք ի՞նչ խոսենք: Մենք այս առումով կասկածներ ունեինք, որ կողմերն այս առաջարկության մեջ անկեղծ չեն ու իրենց ավելի շատ հետաքրքիր է ստանալ իրենց ուզած տեսարանը, իսկ մեզ հետաքրքրում է իրավիճակից ելքեր գտնելը, քանի որ մեր երկիրը գնալով հյուծվում է»,-ընդգծեց նա:

Սաղաթելյանն անդրադարձավ նաև այն քննադատությունների, որոնք ուղղվում են շարժման դեմ, թե շարժումը վճռական չէ, հանրային սպասումը մարում է: Նա նշեց,  որ սա մեկ գործողությամբ ակցիա չէ և բոլորն արդյունավետ քայլեր առաջարկելու հնարավորություն ունեն: «Մենք չենք նահանջելու, հետ քայլ չենք անելու, գաղտնի պայմանավորվածություններ չենք ունենալու, գնալու ենք մինչև վերջ, հեռացնելու ենք այս իշխանությանը»:

Նմանատիպ նյութեր