211652_close_icon
views-count2074 դիտում article-date 14:04 12-03-2021

ԼՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է ցանկացած քննարկման՝ հանուն երկիրն այս վիճակից հանելու. Էդմոն Մարուքյան. news.am

Ինչ ձեւաչափով էլ հանդիպումը տեղի ունենա, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման  հայտարարությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերն ընդունելու վերաբերյալ։

«Անկախ նրանից դա Աժ-ում է, թե նախագահական նստավայրում, դա ուղիղ եթերում է, թե փակ ֆորմատով: Մենք առանց նախապայմանների պատրաստ ենք ցանկացած քննարկման՝ հանուն երկիրն այս վիճակից հանելու»,- նշեց նա։


Հարցին՝ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ պետք է վարչապետի հրաժարական լինի, ժամանակավոր կառավարություն ձեւավորվի ու նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, այդ դեպքում գործընթացն արդյոք փակուղի չի մտնի՞, Մարուքյանն արձագանքեց․

«Չեմ կարող ասել՝ փակուղի կտանի՞, թե՞ ոչ։ Կրկնում եմ՝ ես պատրաստ եմ ցանկացած քննարկման մասնակցելու՝ այս վիճակից դուրս գալու համար։ Կլինի՞ հանդիպում, կգնանք, կտեսնենք՝ ով, ինչ է ասում, չի լինի, այդ  ժամանակ էլ կփնտրենք այլ հնարավորություններ։ Նորմալ է, ամեն ուժ ունի իր օրակարգը, հիմա կարող է Գագիկ Ծառուկյանն էլ իր նախապայմաններն ունի, Նիկոլ Փաշինյանն էլ իրենը»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին ժ. 12:00-ին, նախագահական նստավայրում հրավիրել էր հանդիպման։

ԱԺ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ընդունել էին նախագահի հրավերը։ ԲՀԿ-ն եւ Կառավարությունը դեռ չեն արտահայտել իրենց դիրքորոշման մասին։ Իսկ Հայրենիքի փրկության շարժումն էլ  հայտարարել է, որ այդ հանդիպման հրավերը կընդունեն այն  պարագայում, եթե իրենց առաջարկած օրակարգով առաջնորդվեն։ Շարժման խորհրդի հայտարարության մեջ ասվում է․

«Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձեւաչափով եւ մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»։

Նմանատիպ նյութեր