211652_close_icon
views-count71982 դիտում article-date 17:05 19-03-2021

Խոսրովի անտառի տեսուչը չկարողացավ Արարատի մարզի ոստիկաններին, քննիչներին ու դատախազներին մոլորեցնել. 58-ամյա տղամարդու մահվան կասկածանքով՝ նա կալանավորվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիլիպ Ստեփանյանի  գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների՝ վարչության պետ Ամբակուն Գրիգորյանի, քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արարատի մարզի դատախազության աշխատակիցների հետ ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են այս տարվա մարտի 7-ին, ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Վեդիի բաժնից ստացված ահազանգի մանրամասները, ինչի արդյունքում բացահայտվել է լուրջ հանցագործություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Վեդի» բժշկական կենտրոնից Արարատի ոստիկանություն հայտնել են, որ «սուր գանգուղեղային տրավմա, գանգի հիմի կլինիկական կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել մարզի ոստիկանապետ Կ. Ցուցուլյանը, Արարատի բաժնի պետ Վ. Գրիգորյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Ա. Ավետյանը։

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու, և ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հակոբ Հակոբյանն է։

Արդեն հիվանդանոցում Գոռավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Պողոսյանը հայտնել է, որ Հ. Հակոբյանը վնասվածքը ստացել է 1 օր առաջ՝ մարտի 6-ին, ժամը 23։55-ի սահմաններում իրենց գյուղի Գոռ Իշխանի փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռավան գյուղի բնակիչներ Արթուր Դ-ն, Սերոբ Հ-ն, Կառլեն Հ-ն, Արամ Հ-ն, Արմեն Պ-ն, Արտակ Դ-ն և Նարեկ Մ-ն հայտնել են, որ վիրավորը նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Օրեր անց՝ մարտի 14-ին, Հ. Հակոբյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, սակայն, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված անձանց հայտնած տեղեկությունները Հ. Հակոբյանի՝ վնասվածք ստանալու մասին արժանահավատ չեն։ 

Արդեն մարտի 17-ին ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվում է քրեական գործ և մարզի ոստիկանություն, քննչական վարչություն ու քննչական բաժին և դատախազություն համագործակցության արդյունքում պարզվում է իրական պատճառը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռավան գյուղի նշված փողոցում նույն գյուղի Գ. Նարեկացի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Դվոյանը վիճաբանության մեջ է մտնում Հ. Հակոբյանի հետ և այդ ժամանակ 2 անգամ բռունցքով հարվածում է վերջինիս դեմքին, որից Հ. Հակոբյանը կորցնում է հավասարակշռությունն ու վայր է ընկնում։ Ընկնելու հետևանքով էլ ստանում է վնասվածք, ինչն էլ հետո դառնում է մահվան պատճառ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են Ա. Դվոյանին, այնուհետև Վեդիի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։

Դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը և Ա. Դվոյանը կալանավորվում և տեղափոխվում է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կալանավորված Ա. Դվոյանն աշխատում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական ոչ-առևտրային կազմակերպությունում՝ որպես տեսուչ։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր