211652_close_icon
views-count4723 դիտում article-date 09:46 24-03-2021

Արդյո՞ք ԵՊՀ-ի Ժ/Պ-ն անգիտակից է․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը հրապարակել է Կարեն Հեքիմյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Դատարան դիմելիս, հայցվորը նշում է վիճարկվող իրավահարաբերությունները, պատասխանողին և ներկայացնում է պահանջը: Կարող է այնպես լինել, որ դատարանի կողմից կայացվող ակտում շոշափվեն նաև այլ անձանց իրավունքները: Այդ դեպքում, դատական գործընթացին ներգրավվում է մեկ այլ մասնակից՝ երրորդ անձ: Սա պարզ շարադրանք է և հասկանալի է հասարակության գիտակից սեգմենտի համար: Սակայն, եկավ ժամանակ, երբ ես հասկացա, որ ԵՊՀ-ի այսօրվա ղեկավարությանն իրավական իմաստով չի կարելի դիտարկել իբրև հասարակության գիտակից սեգմենտ: Սա ինձ համար նոնսենս էր: Խնդիրն այն է, որ ԵՊՀ-ն, գոնե իրավաբանների պատրաստման առումով, այդպիսին չպետք է լիներ, քանզի Մայր ԲՈւՀ-ի իրավաբանական ֆակուլտետն այդ ոլորտում գերիշխող դեր ունի:

2020թ դեկտեմբերի 17-ին դատարանի վճռով վերացվեց ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, որի հիմքով Գևորգյան Գեղամը նշանակվել էր ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նույն վճռով դադարեցվեցին, դատական գործընթացում որպես երրորդ անձ ներգրավված, Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: Ինչպես երևում է շատ պարզ շարադրանք է՝ կա վիճարկվող իրավահարաբերություններ, կա պատասխանող, ի դեմս ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի, կա երրորդ անձ, ի դեմս Գևորգյան Գեղամի: Դատարանը, հասարակության գիտակից սեգմենտի համար արձանագրել է դա հրապարակած դատական ակտում: Երրորդ անձ Գևորգյան Գեղամը, իրեն համարելով հասարակության գիտակից սեգմենտի ներկայացուցիչ, փաստաբան վարձեց և այժմ փորձում է վերաքննության կարգով բողոքարկել դատարանի վճիռը: Եվ դա նորմալ է:

Այս պատմության մեջ աննորմալն այն է, որ դատարանում պատշաճ պատասխանողի կարգավիճակ ունեցող ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անունից կրկին ներկայանում է Գևորգյան Գեղամը, որն այս պարագայում հանդես է գալիս իբրև հասարակության անգիտակից սեգմենտի ներկայացուցիչ: Ինչ է ստացվում իրականում: Փաստորեն, Գևորգյան Գեղամը հայտ է ներկայացնում դատարանում հանդես գալ թե որպես երրորդ անձ, թե որպես պատասխանող այն դեպքում, երբ դատարանն արդեն պատասխանողի կարգավիճակ է տվել ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդին:

Ավելին, դատարանում վիճարկվել և վերջինիս կողմից վերացվել է հենց ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի իրավական ակտը, որով Գևորգյան Գեղամը նշանակվել է ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այս իմաստով, ստացվում է, որ Գևորգյան Գեղամն ինքն իրեն պաշտոնի է նշանակել, իսկ այժմ էլ ինքն իրեն իրենից է պաշտպանում: Բացի այդ, իրավական իմաստով, Գևորգյան Գեղամը չի կարող ներկայացնել ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը, քանզի նրան չի տրվել նման լիազորություն, իսկ օրենքով դա ոչ միայն նախատեսված չէ, այլև անհեթեթ է:

Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե, օրինակ ՀՀ ԱԺ-ի շահերը ներկայացնի ՀՀ Կառավարությունը կամ հակառակը: Բացի այդ, ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը կտրականապես հերքում է Գևորգյան Գեղամին խորհրդի անունից հանդես գալու համար լիազորություն տալու հանգամանքը: Այսինքն, Գևորգյան Գեղամը հանդես գալով ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անունից, ըստ էության, տապալում է ԵՊՀ-ի կարգ ու կանոնը: 

Ինչպես սկզբում ասացի, խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Գևորգյան Գեղամը մաթեմատիկոս է: Միգուցե նաև միջինից որոշ չափով ավելի բարձր գիտելիքներ ունեցող մաթեմատիկոս: Այդ իմաստով, նա կարող է նաև չհասկանալ ԵՊՀ-ի հոգաբարձուների և գիտական խորհուրդների իրավական տարբերությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ Գևորգյան Գեղամը ոչ թե Սիկտիվկարի պրոֆտեխուսումնարանի տնօրենի, այլ Հայաստանի առաջատար ԲՈւՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է և ի պաշտոնե պարտավոր է տեղ զբաղեցնել հասարակության գիտակից սեգմենտի շարքերում: Բացի այդ, ԵՊՀ-ն ունի իրավաբանական ստորաբաժանում և, ըստ այդմ, ստորաբաժանման ղեկավար: Արդյո՞ք գոնե վերջինս չունի հասարակության գիտակից սեգմենտում արժանի տեղ գրավելու մտադրություն:

Ինչևէ: Հանգիստ թողնենք ԵՊՀ-ի իրավաբանական ստորաբաժանման ղեկավարին, քանզի, մեծ հաշվով, նա մեղավոր է, սակայն պատասխանատու չէ: Պատասխանատուն Գևորգյան Գեղամն է: Նա է, որն ամենայն հավանականությամբ, հասարակության անգիտակից սեգմենտում արժանի տեղ գրավելու համար ամենաարժանի թեկնածուն է»:

 

Նմանատիպ նյութեր