211652_close_icon
views-count1631 դիտում article-date 22:12 05-04-2021

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Շաբաթվա նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը:

Շաբաթի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ գրողների հետ, գրական քննարկումներ, այս տարվա հոբելյարներին նվիրված ցերեկույթներ, վիկտորինաներ, երաժշտական ունկնդրումներ, հեքիաթապատումներ ու կինոդիտումներ: 

Շաբաթի բացումը տեղի ունեցավ ճեմասրահում ներկայացված «Աշխարհի լեզուներով գրքեր» ցուցահանդեսով։ Տարվա հոբելյարներ ֆրանսիացի առակագիր Ժան Լաֆոնտենի 400-ամյակին, հայ անվանի գրող Մկրտիչ Արմենի 115-ամյակին և հայ մեծանուն աշուղ Ջիվանիի 175-ամյակին նվիրված ցերեկույթներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեցին գրադարանի ակտիվ ընթերցողները: 

Ապրիլի 2-ին՝ Մանկական գրքի միջազգային օրը, գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից մանկագիրներ Է. Միլիտոնյանի, Ա. Վարդանյանի, Ռ. Շառոյանի, Կ. Առաքելյանի, Զ. Ենոքյանի, Ս. Ղազարյանի ու Օ. Դարյանի հետ: Ցերեկույթն ուղեկցվեց գրադարանի ընթերցողների կողմից պատրաստված բեմականացմամբ ու գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ: Օ.Դարյանի հետ ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ գրադարանի Հեքիաթի սրահում, որտեղ ընթերցողները ներկայացրին ժամանակակից մանկագրի ստեղծագործությունները, բեմադրեցին նրա՝ «Խաղողի երկիր» հեքիաթը:

Շաբաթի ընթացքում գրադարանի ընթերցասրահում անցկացվեցին ինտերակտիվ խաղ-վիկտորինա հայ գրողների ստեղծագործությունների շուրջ, հայ ժամակակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումների շարքը և հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հայկական մուլտֆիլմերի դիտումներ:

«Ոչ նյութական ժառանգություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ասեղնագործության վարպետաց դաս և «Կռունկ» երգի ունկնդրում Կոմիտասի կատարմամբ: 

Գրադարանի ընթերցողները հնարավորություն ունեցան էլեկտրոնային բաժնում ծանոթանալ տարվա գրական հոբելյարների կենսագրությանն ու գրական գործունեությանը:

Նմանատիպ նյութեր