211652_close_icon
views-count6810 դիտում article-date 19:59 23-04-2021

ՀՖՖ-ն արգելել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանի մուտքը հայաստանյան մարզադաշտեր

ՀՖՖ Գործկոմի՝ այսօր տեղի ունեցած նիստում կայացվեցին որոշումներ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակի փոփոխության, ինչպես նաև 2020 թվականին կայացած «Շիրակ»-«Նոա» և «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումների ընթացքում գրանցված միջադեպերի մասնակիցների վերաբերյալ:

 Նիստի օրակարգի առաջին հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն էր: Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվել էր ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ 2020 թ. դեկտեմբերի 18-ին կայացած նիստում, որի արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Վերոնշյալ հանդիպումների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մասնակիցներ Արարատ Հարությունյանը, Արման Սահակյանը և Սարգիս Ասոյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրվել էին ՀՖՖ գրասենյակ՝ միջադեպերի հետ կապված բացատրություն տալու, սակայն նրանցից որևէ մեկը չէր ներկայացել ՀՖՖ: Արման Սահակյանը գրավոր բացատրություն էր ներկայացրել ՀՖՖ՝ խնդրելով դա ընդունել որպես հիմք և ընթերցել ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն, քննարկելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդությունը, ևս մեկ անգամ դատապարտեց ՀՖՖ պաշտոնյաների կամ մրցավարների նկատմամբ բռնի գործողությունները՝ դրանք համարելով անթույլատրելի: ՀՖՖ Գործադիր կոմիտեն նաև որոշեց առաջարկ ներկայացնել ՀՖՖ կանոնակարգերի մշակմամբ և խմբագրմամբ զբաղվող աշխատանքային խմբին, ըստ որի,  հաջորդ մրցաշրջանից սկսած, փոփոխություններ կկատարվեն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգում՝ նմանատիպ իրավախախտումների դեպքում ավելի հստակ պատժամիջոցներ սահմանելու համար:

Այնուհետև տեղի ունեցած  քվեարկության արդյունքում կայացվեցին հետևյալ որոշումները.

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին աշխատակից Արարատ Հարությունյանին ցմահ հայտարարել հայկական ֆուտբոլում անցանկալի անձ` «պերսոնա նոն գրատա» (7 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ):

Արգելել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանի մուտքը հայաստանյան մարզադաշտեր ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մինչև (30.05.2021) (8 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ):

Սարգիս Ասոյանին հայտարարել հայկական ֆուտբոլում անցանկալի անձ` «պերսոնա նոն գրատա» մինչև 2022 թ. մայիսի 31 (8 կողմ, 3 դեմ):

Օրակարգի երկրորդ հարցը VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների մասնակից թիմերի հայտացուցակներում ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների քանակի քննարկումն էր:

Քննարկումների արդյունքում (ձայների 8 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ) որոշվեց, որ, սկսած 2021/2022 մրցաշրջանից, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների ժամանակ խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 3 ֆուտբոլիստ՝ 2-ի փոխարեն:

Որոշվեց ուժի մեջ թողնել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների մասնակից թիմերի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ի՝ Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ լինելու դրույթը:

Նմանատիպ նյութեր