211652_close_icon
views-count2195 դիտում article-date 16:03 29-04-2021

Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի դեմ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան:

Փայլանը թվիթերյան գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներ: Պատկերացրեք, եթե Գերմանիայում այսօր լինեին Հիտլերի անվան պողոտաներ, երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում, ինչպիսի՞ն կլիներ Գերմանիան այդ ժամանակ: Ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»:

Ի պատասխան Փայլանի գրառման՝ Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Օզդաղը նրան անվանել է «անկիրթ» և «սադրիչ»: «Եթե գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան արտաքսել է ոչ թե հայրենասեր, այլ քեզ նման թիկունքից հարվածող հայերին: Դու էլ, երբ ժամանակը գա, ապրելու ես և պետք է ապրես Թալեաթ փաշայի նույն փորձառությունը»,- «Թվիթեր»-ում, ի պատասխան Փայլանի, գրել է ազգայնական պատգամավորը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փայլանն ազգայնական պատգամավորին մեղադրել է «հանցագործության դրդելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» մեջ:

Փոքրամասնությունների դեմ բռնության կոչերը ճանապարհ են հարթում ատելության հանցագործությունների համար: Խտրականություն ու ատելություն պարունակող խոսքերը չպետք է անպատիժ մնան»,- նշել է նա:

Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք է ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան:

Նմանատիպ նյութեր