211652_close_icon
views-count1119 դիտում article-date 18:53 06-05-2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին

Մայիսի 6-ին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակություն հայտնեց դաշնակից Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքական երկխոսութան, փոխգործակցության բոլոր ոլորտները կարգավորող ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտի առնչությամբ և ընդգծեց հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արա Այվազյանը կարևորեց միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Որպես հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնացրեց Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրեցին ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց նաև «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։

Նմանատիպ նյութեր