211652_close_icon
views-count1317 դիտում article-date 15:23 10-05-2021

«Չինաստան-Եվրասիա» խորհուրդը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2021 թ. մայիսի 10-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջև։ Նպատակն է շարունակել և խթանել համագործակցությունն ակադեմիական, տեղեկատվական, կրթական, և այլ բնագավառներում։

Համագործակցության Փոխըմբռնման Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ.  Ռոբերտ Ղազարյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը։

Ռոբերտ Ղազարյանն ասեց, որ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում չինագիտությունը ամենակարևոր գիտական ուղղություններից մեկն է, որտեղ Ինստիտուտը ունի բավականին մեծ հաջողություններ: Միևնույն ժամանակ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, մասնավորապես նրա տնօրեն Մհեր Սահակյանը նույնպես կարևոր ներդրում ունի այդ ոլորտի զարգացման և ամրապնդման մեջ: Այս առումով շատ կարևոր է, որ հայաստանյան նմանատիպ կառույցները միավորեն իրենց ուժերը համատեղ աշխատանքների և գիտական կարևոր ձեռքբերումների հասնելու ակնկալիքով: Առավել ևս մեր երկու գիտական կառույցները ունեն համագործակցության լավ փորձ: Եվ մեր ջանքերի և աշխատանքների մեկտեղումը կարող է ծառայել մեր հայրենական գիտության այդ ոլորտի ավելի զարգացման և նոր համագործակցության հեռանկարներ կստեղծի:

Մհեր Սահակյանը նշեց, որ «Պատիվ է զարգացնել համագործակցությունը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ, որը հայկական հայտնի ուսումնական հաստատություններից մեկն է և մեծ ներդրում ունի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրություններում: Իրականում, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը համագործակցում են արդեն 4 տարի:

2018-ին պարոն Ղազարյանի և Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել ենք «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը և «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը:

Փոխըմբռնման այս հուշագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա ամրապնդելու մեր համագործակցությունը և միավորելու ջանքերն ու կարողությունները հետազոտական և ակադեմիական դիվանագիտության ոլորտներում:

Նմանատիպ նյութեր