211652_close_icon
views-count1079 դիտում article-date 10:01 12-05-2021

Գյուղատնտեսությունն անկում է ապրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում նվազում է ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը, այլև անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 75 մլրդ 417.6 մլն դրամ:

Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 87 մլրդ 540 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.7 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 204 մլն 600 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.5 տոկոսով:

Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրների մասին նախօրեին՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ, բարձրաձայնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով.

«Չունենք գյուղատնտեսության նախարարություն, և գյուղացին այսօր՝ հենց հիմա, մեր մարզում գոնե շատ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական արտադրանքն իրացնել։ Ես տեղյակ եմ պահել նաև էկոնոմիկայի նախարարությանը, բայց որևէ հարցով սայլը տեղից չի շարժվում: Ու շարունակվում է այն գործելաոճը կամ այն սկզբունքները գյուղատնտեսության ոլորտում, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ, շարունակում է կքել վարկերի տակ և աղքատանում է, իսկ խոշոր գործարարները զբաղվում են գյուղատնտեսությամբ և ավելի են հարստանում: Այս գործելաոճը շարունակվում է նաև հետհեղափոխական Հայաստանում»։ Այնպես որ, Վիճակագրական կոմիտեի արձանագրած ցուցանիշները սպասելի են»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր