211652_close_icon
views-count37985 դիտում article-date 14:05 14-05-2021

Ձեզ բացակա չենք դնի. Դուք բարձր եք պահել գյուղի պատիվը. պատմության դասագրքերում ոսկե տառերով են գրվելու ողջաբերդցի հերոս զինվորների անունները. դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց հերոս Կարենի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, Կոտայքի մարզի «Ողջաբերդի միջնակարգ դպրոցի» դասասենյակներից մեկն անվանակոչվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ողջաբերդցի 18-ամյա Կարեն Սասունի Հովհաննիսյանի անվամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի բակում էին հավաքվել ողջ գյուղի բնակչությունը, հայրենիքի համար հերոսաբար նահատակված Կարենի՝ 44-օրյա պատերազմում նույնպես հերոսաբար նահատակված 35-ամյա Վահագն Անդրանիկի Սարգսյանի և արցախյան առաջին պատերազմում հերոսաբար նահատակված  26-ամյա Արտակ Նշանի Խալաթյանի հարազատները, ընկերներն ու զինակից ընկերները։

Մինչ կմեկնարկեր հերոսներին նվիրված հուշ-երեկոն, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարոթյունյանի հրամանագիրը, որով հերոս Կարեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է պետական բարձր պարգևով, որը ՊՆ ներկայացւոիցչը հանձնեց հերոսի հորը։

Մինչ լսարանի բացումը, տեղի ունեցավ տոնական հուշ-երեկո։ Դպրոցի սաներն իրենց ասմունքով ներկայացան հերոսների հարազատներին, որից հետո տեղի ունեցավ լսարանի բացումը։ Կարմիր ժապավենը կտրեց հերոսի հայրը։

Թե գյուղի ժողովուրդը, թե դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները նշում էին, որ Կարենի անունով անվանակոչված դասարանը իրենց համար դառնալու է մի իսկական թանգարան. «Հպարտ ենք ինչպես Կարենի, այնպես էլ բոլոր նահատակված հերոսների համար»։

Դպրոցի սաները նաև հնչեցրեցին բոլոր հերոսների անունները. Նրանք նշում էին. «Մենք ձեզ բացակա չենք դնի, դուք, առաջին հերթին, բարձր եք պահել ձեր ծնողի, ընտանիքի, հետո՝ գյուղի պատիվը։ Ինչքան էլ գյուղը փոքր է, միևնույն է, ապացուցված է, որ գյուղը մեծ հերոսներ է տվել, հերոսներ, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն Արցախի, հանուն Հայաստանի։ Թե արցախյան առաջին, թե ապրիլյան, քառօրյա և թե այս վերջին պատերազմում դուք հաղթել եք։ Դուք հաղթել եք նենգ թշնամուն, դուք մինչև վերջ ամուր կանգնած եք եղել ձեզ վստահված առաջնագծում; Պարտվել են քաղաքական գործիչներն ու դիվանագիտությունը։ Կանցնեն տարիներ, ամեն ինչ ջրի երես դուրս կգա, ու հայոց նորօրյա հերոսական պատմության մեջ ոսկե տառերով կգրվեն նաև մեր գյուղի հերոս, առյուծ ու արծիվ տղերքի անունները։ Դուք հավերժ մնալու եք մեր գյուղի ոսկեդարյա պատմության էջերում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 287+
287+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր