211652_close_icon
views-count2600 դիտում article-date 20:32 17-05-2021

Իշխանությունը գիտի, թե խնդիրները լուծվում են «լայքով» կամ «լայվով», սակայն պետություն այդպես չեն կառավարում․ այս վարչակարգն ունակ չէ լուծել մեր անվտանգային խնդիրները․ Հայկ Մամիջանյան

Առաջին հերթին պետք է բոլորս հասկանանք, որ որպեսզի Հայաստանը կարողանա առաջ շարժվել, որպեսզի երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրները լուծվեն, առաջին անհրաժեշտ պայմանը Նիկոլի հեռացումն է, որովհետև այս վարչակարգը, ինչպես ցույց է տալիս փորձը, ունակ չի լուծել այդ խնդիրները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Իրենք գիտեն, որ խնդիրները լուծվում են «լայքով» կամ «լայվով», սակայն պետություն այդպես չեն կառավարում»,– ասաց նա։

Մասնավորապես, Սյունիքի դեպքերի առնչությամբ Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանը տարբերակ չունի որևէ կերպ մեղքը գցել ուրիշի վրա, որովհետև ուղիղ կես տարի անգործության հետևանքով մենք ունենք չպաշտպանված սահման։

Ըստ նրա՝ իշխանությունը փորձում է պարզապես խնդիրները կոծկել, ինչի համար էլ ընդդիմադիր գործիչները և մամուլը պարտավոր են իրենց ուշադրությունը պահել սահմանային խնդիրների վրա, քանի որ հանրությունը Սյունիքի և Վարդենիսի դեպքերին չէր տեղեկանա, եթե չլիներ ընդդիմադիր գործիչների և լրատվամիջոցների ուշադրությունը։

Ինչ վերաբերում է ընդդիմության գործելաոճին, ապա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը նշեց, որ իրենց դաշինքում և կուսակցություններում ունեն կադրային այն ներուժը, որը տարիներ շարունակ թրծվել և կերտվել է։ «Հրաժարվել այդ կադրային ներուժից հանցագործություն է, և վստահ եմ, որ մեր իշխանության գալու պարագայում մենք կկարողանանք տալ այս ու շատ ուրիշ խնդիրների լուծումը»,–ասաց նա։

Հայկ Մամիջանյանը նկատեց, որ հիմա Հայաստանը Արցախի համար դարձել է սոցիալական աջակցություն մատակարարող միջանկյալ օղակ։ «Որևէ անվտանգային ֆունկցիա Արցախի համար Հայաստանն այս պահին կրել չի կարողանում Նիկոլի պատճառով, այսինքն՝ այս պահին մենք դարձել ենք ինչ–որ բարեգործական ֆոնդ, որն Արցախին միջազգային աջակցությունն է ուղղորդում։ Վերջապես պետք է հասարակությունը հասկանա, որ որքան Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այնքանն էլ Արցախը ֆիզիկական գոյությամբ Հայաստանի անվտանգության երաշխավորն էր։ Օր առաջ սրանց հեռացնելով՝ հնարավորություն կունենանք հնարավորինս արագ, կազմակերպված ապահովել մեր երկրի անվտանգային խնդիրները»,–ասաց նա։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր