211652_close_icon
views-count2658 դիտում article-date 10:29 21-05-2021

«Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ առաջարկում են վաղաժամկետ դադարեցնել Գևորգ Աճեմյանի լիազորությունները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ առաջարկում են վաղաժամկետ դադարեցնել ավագանու մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանի լիազորությունները: Նրանց ներկայացրած որոշման նախագիծը կքննարկվի Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստում:

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության անդամներ՝ Արմեն Գալջյանը, Մարատ Թոխյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Գրիգոր Երիցյանն ու Արման  Բաբաջանյանը:

Հարցն օրակարգ բերելու համար ավագանու նշված վեց անդամները հիմք են ընդունել այն, որ Գեւորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու հերթական չորս նիստերին, որոնք կայացել են 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, 2021 թվականի փետրվարի 9-ին, մարտի 16-ին եւ ապրիլի 4-ին: 

Հիշեցնենք՝ Աճեմյանը մանդատ էր ստացել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով: Վերջինս մանդատը վերցրել էր: Գեւորգ Աճեմյանը փոխարինելու էր Կարինե Փանոսյանին, որն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել այն ստանալուն պես: Փանոսյանին եւս մանդատը տրվել էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով, երբ ավագանու լիազորությունները դադարեցրել էր Արսեն Կարապետյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր