211652_close_icon
views-count2445 դիտում article-date 19:09 22-05-2021

Կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով

Պառավաքարի միջնակարգ դպրոցում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների` Հենզել Բաղդասարյանի, Կարեն Մարգարյանի, Արմեն Բրուտյանի, Սոս Սարգսյանի անուններով հրաձգարան և դասասենյակներ են անվանակոչվել:

Դասասենյակների անվանակոչման արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, Պառավաքար գյուղի վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը,  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, հերոսների ծնողները, հարազատները:

«Բերդ համայնքում մեր առաջին զոհը եղել է Կարեն Մարգարյանը` Պառավաքարից, վերջինը հրաժետ ենք տվել մեր Հենզել Բաղդասարյանին` կրկին Պառավաքարից: Մենք տեսել ենք տառապանքը, ապրումը, ցավը նաև Սոսի և Արմենի ընտանիքներում: Եվ այսպես  ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե…  սակայն այսօր  մեր տղաների լույս հայացքների ներքո ուզում եմ դիմել բոլորիդ պատերազմի ժամանակ նահատակված Վաչագան Մանուկյանի հոր` Խաչիկ Մանուկյանի խոսքերով, որ ասել է որդուն ճանապարհելիս. «Մենք իրավունք չունենք հերոսապատումը ողբերգության վերածելու»: Այո, մենք իրավունք չունենք: Մեր սիրելի եղբայրներն ու զավակները մեզ այդ իրավունքը  չեն տվել: Մենք իրավունք չունենք նրանց սպանելու: … Մեր խոնարհումը բոլորիդ, մեր գնահատանքը Պառավաքարի դպրոցին, որտեղ ծնվել են մեր հերոսները…»,-նշել է  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

Այսօր Պառավաքարի մշակույթի տանը կայացել է նաև  հուշ-ցերեկույթ` նվիրված պառավաքարցի անմահ  հերոսների հիշատակին:

ՀՀ նախագահի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Մեդալն այսօր հանձնվել է Հենզել Բաղդասարյանի հարազատներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր