211652_close_icon
views-count1485 դիտում article-date 14:58 26-05-2021

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն Լոռու և Գեղարքունիքի դպրոցները

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ 2014 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Դրա շրջանակում ՀՀ վեց մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ և Արագածոտն) շուրջ 50.000 աշակերտներ ամեն օր ստանում են տաք սնունդ: Այս տարի նախատեսվում է ծրագրի ազգայնացման և պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավել նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այդ նպատակով Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործընկերների համակարգող հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ մարզպետարանների, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, միջազգային ու տեղական դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության առաջնահերթությունները և հետագա պլանները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգվել է ծրագրի ներդրումը Գեղարքունիքի մարզի դպրոցներում: Ըստ փոխնախարարի՝ այդ ժամանակահատվածը, սակայն, հնարավորություն է տվել առավել ամբողջական վերլուծել տվյալ մարզում ծրագրի համար անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների առկայությունը և սեպտեմբերից մարզի դպրոցների երեխաներին ապահովել տաք սննդով:

«ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է միավորել ջանքերը՝ երկու մարզում ապահովելու ծրագրի՝ հնարավորինս ամբողջական և որակյալ անցումը:  Ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ, այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Մենք խիստ կարևորում ենք այս խնդիրը, քանի որ հանրակրթության բովանդակային փոփոխությունների մեջ կարմիր գծով անցնում է առողջ ապրելակերպի գաղափարը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հիմնվելով դեռևս 2008 թվականից ներդրված «Առողջ ապրելակերպ» դասընթացի վրա՝ նախարարությունը նպատակ ունի չափորոշչային փոփոխություններից հետո դպրոցներում ունենալ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ: Այս հարցում, ըստ փոխնախարարի, հնարավոր է համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետ: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ փորձ է արվելու բաղադրիչը դիտարկել իբրև ուսումնական գործընթաց, երբ դասերի ժամանակ խոսելով առողջ սննդի առանձնահատկություններից՝ երեխաները դրանում գործնականում համոզվելու հնարավորություն ստանան:

ՊՀԾ Հայաստանի ռազմավարությանն ու առաջիկա առաջնահերթություններին իր ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենի տեղակալ Նանա Սկաուն:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Համբարձում Սաֆարյանը:

Հանդիպմանը ներկայացվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքները, ինչպես նաև առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները: Նշվել է, որ ազգային ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՄԱԿ ՊՀԾ-ի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների և ծնողների համատեղ ջանքերի շնորհիվ: Համագործակցության արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են խոհարարները՝ անվտանգ, առողջարար և համեղ սնունդ պատրաստելու նպատակով: Չնայած արձանագրված հաջողություններին՝ դպրոցների մեծ մասի համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռքբերում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում:

Խնդիրը հնարավոր չէ լուծել միայն մարզի և դպրոցների միջոցներով, հետևաբար հնարավոր նվիրատուների համաժողովը նախաձեռնվել է` դպրոցների ենթակառուցվածքների վերականգնման հարցում ստանալու նրանց աջակցությունը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 100.000 երեխաներ ապահովվել են սննդով (այդ թվում՝ ՄԱԿ ՊՀԾ կողմից), ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի և առողջ ապրելակերպի գաղափարների զարգացման գործընթացներում։ Տաք սնունդ պատրաստելու նպատակով ՀՀ կառավարությունը 1-4-րդ դասարանների յուրաքանչյուր երեխայի հաշվով դպրոցներին հատկացնում է օրական 140 դրամ։

Նմանատիպ նյութեր