211652_close_icon
views-count1728 դիտում article-date 23:36 01-06-2021

Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրները համակարգային լուծում չեն ստանում․ քննարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021 թ մայիսի 27-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էին քննարկում՝ «ՀՀ-ում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով։

Քննարկմանը հրավիրված էին միջազգային կառույցների, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ։

Քննարկումը նպատակ ուներ հերթական անգամ անդրադառնալու անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրներին, քննարկելու Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և համակարգային խնդիրների լուծման վիճակը, գոյություն ունեցող մեխանիզմները և դրանց արդյունավետության ու հզորացման ուղիները։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ հետամուտ է անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների պատշաճ իրականացմանը, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը սակայն մինչ այժմ չի ընդունվել։

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին առաջին անգամ ԱԺ-ում քննարկում եղավ 2021 թ․ մարտի 10-ին։

Վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՔԱՎ փաստահավաք գործունեության շրջանակում բացահայտվեցին մի շարք համակարգային խնդիրներ՝ հայտնի չէր, թե որ կառույցներն էին զբաղվում անհայտ կորածների հարցերով, չկար միասնական համակարգ,  չէր ապահովվում իրենց հարազատի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու՝ քաղաքացիների իրավունքները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընտանիքները բախվում էին իրավական կարգավիճակի բացակայության հետևանքով բազմաթիվ խնդիրներին, որոնց լուծման նպատակով հրատապ ընդունվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ։

«Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր կատարվել են, կառույցներ ստեղծվել են, լուծումներ տրվել են, բայց դրանք ունեցել են հատվածային բնույթ։ Վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ դրանք բավարար չեն եղել»,- քննարկման բացման խոսքում նշեց ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։
 

ԲՀՀ Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ իր խոսքում մտահոգություն հայտնեց, որ խնդիրը առկա է դեռևս Արցախյան առաջին պատերազմից և լիովին լուծում չստացած՝ նոր մարտահրավերների առաջ կանգնեցինք։

«Ցավոք սրտի՝ Արցախյան առաջին պատերազմի խնդիրները դեռևս չլուծված՝ մենք նորից կանգնեցինք այս խնդրի առաջ։ Այս հարցում չկան բաժանարար գծեր, քաղաքական հայացքներ, կան միայն մարդասիրությունն ու կարեկցանքը՝ հարյուրավոր ընտանիքների նկատմամբ», -նշեց Դ․ Ամիրյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խոսքում կարևորեց անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրների բարձրաձայնմանն ուղղված այս քննարկման նախաձեռնումը։ Ընդգծեց քաղաքացիական հասարակության ներգրավման կարևորությունը այս գործընթացում։

«Մարդասիրական հարցերը, մարդու իրավունքների վերաբերող հարցերը չեն կարող քաղաքականացվել։ Սա միջազգային բացարձակ սկզբունք է և պետք է գործի այնքան ժամանակ, քանի դեռ օբյեկտիվորեն այս հարցերը լուծված չեն, սակայն ադրբեջանական կողմը բացահայտ խոչընդոտներ է առաջացնում։ Ես ճիշտ չեմ համարում, որ ՀՀ Կառավարությունը չի հրապարակում, թե իր կարծիքով որքան գերի կա Ադրբեջանում․ դա լրացուցիչ երաշխիք կապահովեր և կմեծացներ ճնշումը»։

Քննարկմանը ներկա անհայտ կորած զինծառայողների հարազատները ևս ներկայացրին իրենց հարազատներին առնչվող գործընթացները և բարձրաձայնեցին խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում:
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր