211652_close_icon
views-count242400 դիտում article-date 11:00 14-06-2021

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգությունից. պարզվել է մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը, որոնց մեջ են «օրենքով գողի» ազգականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 13-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմաններում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների ու «ռազբորկայի» վերաբերյալ նոր մանրամասներ են պարզել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։55-ի սահմաններում Գոռավան գյուղի գերեզմանատան մոտ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Գոռավան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Գոռ Պետրոսյանի, 30-ամյա Գևորգ Պետրոսյանի (Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են), Վեդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա  Կարեն Սաֆարյանի, ոմն Ռուբոյի, ում տվյալները ոստիկաններն ու քննիչները պարզում են, իսկ մյուս կողմից՝ Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանի, Արարատ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սերժիկ Ոսկանյանի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Այվազյանի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Բադալյանի միջև։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ փոխադարձ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Ա. Հովհաննիսյանը հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գևորգ և Գոռ Պետրոսյաններին, Կ. Սաֆարյանին, Ս. Ոսկանյանին, Մ. Այվազյանին, Հ. Բադդալյանին, ոմն Ռուբոյի անձը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 14-ին, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում «ձախ ձեռքի զույգ ստորին վերջույթների, կրծքավանդակի, գլխի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն  է տեղափոխվել Ս. Ոսկանյանը։ 

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միջադեպի մասնակից կասկածյալներից Գ. և Գ. Պետրոսյանները 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի՝ Մարսոյի ազգականներն են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 13-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում:  

Ժամը 19:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել էր:  

Ինչպես Արարատի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:  

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ու նույն վարչության Արարատի քննչական բաժնի պետ Արթուր Ավետիսյանը:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր:  

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել էին, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել էր Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր