211652_close_icon
views-count1232 դիտում article-date 19:18 15-06-2021

Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից:
ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ, են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մակապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հուլիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:

ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Թուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել:

«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել էր հունիսի 8-ին Երևանի Քաջազնունի 16/1 հասցեից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝  հիվանդանոց էին տեղափոխվել «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի սաներ՝ Երևանի բնակիչներ, 4-ամյա Աստղիկ Գ-ն, 5-ամյա Ինա Պ-ն, 6-ամյա Արեն Գ-ն, 3-ամյա Աշոտ Ս-ն, 3-ամյա Դավիթ Ս-ն, 2-ամյա Արիանա Ք-ն, 4-ամյա Արման Փ-ն, 3-ամյա Դավիթ Յ-ն, 4-ամյա Կատրին Մ-ն, 4-ամյա Հասմիկ Ս-ն, 4-ամյա Մարիա Գ-ն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր