211652_close_icon
views-count1476 դիտում article-date 15:21 21-07-2021

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն բացօթյա համերգի ընթացքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին ներկայացնում են համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Համերգը տեղի կունենա երեկոյան ժամը 21։00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում:

Համերգի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։

Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է նորարարական առաջատար տեխնոլոգիաների մատակարար «Սոֆթ Քնստրաքթ» ընկերությունը իր «Panda MR» և «Hoory» պրոդուկտներով:

Կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն հանդես կգան նաև մարզերում, այս անգամ՝ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված համերգներով։ Մասնավորապես, հուլիսի 27-ին, ժամը 19։00 համերգ կկայանա Կապանի մշակույթի կենտրոնում, իսկ հուլիսի 28-ին, ժամը 19։00՝ Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 

Նմանատիպ նյութեր