211652_close_icon
views-count1537 դիտում article-date 17:13 12-08-2021

Հայկակ Արշամյանն ու ՍԴՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը

Օգոստոսի 12-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին և Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձևաչափում. հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է Արցախում և Հայաստանի մի շարք մարզերում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, կրթական հաստատությունների բարեկարգման և սոցիալական բնույթի ընթացիկ ծրագրերը: ՍԴՀԿ ներկայացուցիչների կողմից ընդգծվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման և առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ ի շահ Հայրենիքի զարգացման և շենացման:

Նշվում է, որ ՍԴՀԿ–ն մշտապես իր ներկայացուցիչն է ունեցել Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում և զգալի մասնակցություն է ունեցել հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

Նմանատիպ նյութեր