211652_close_icon
views-count1507 դիտում article-date 20:32 13-08-2021

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մինասյանին

Օգոստոսի 13-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր- պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը, բացի քաղաքական գործիչ լինելուց, գիտական աշխարհի մարդ է.

«Դադարել եմ գիտությամբ զբաղվել դեռևս 90-ականներին, երբ մտել եմ քաղաքական դաշտ: Ներկա իրողությունները, Արցախի և նրա ժողովրդի ապագան, ՀՀ սահմանամերձ շրջաններում տիրող մտահոգիչ իրավիճակը մեզ համար դարձել են գերխնդիրներ: Այնուամենայնիվ, հավատացած ենք, որ մեր ժողովուրդը ոտքի կկանգնի և հաջողությունները կուղեկցեն մեզ»:

Խոսելով Արցախի գիտակրթական կյանքի մասին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակը և 2020թ. աշնանային պատերազմը իրենց ավերիչ ազդեցությունն ունեցան նաև գիտակրթական համակարգի զարգացման վրա: Այս առումով ԱԺ նախագահը կարևորել է Արցախում գիտակրթական կյանքի վերականգնմանն ուղղված աշխատանքները, քննարկել նրա զարգացմանը նպաստող հարցեր:

Սերգեյ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի գործունեությանը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ու տարբեր գիտական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հանդիպման վերջում միջազգային ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից Սերգեյ Մինասյանը ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ՝ կառավարման ոլորտի իրավական ապահովման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր