211652_close_icon
views-count5934 դիտում article-date 11:51 20-08-2021

Երևանում տեղի ունեցավ սիրված մտավորական, արձակագիր Մհեր Իսրաելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի շնորհանդեսը

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է:

Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Եվ ահա դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում  սիրված մտավորական,արձակագիր Մհեր Իսրայելյանը:

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 5-ին Երևանում:
1991թ.-1996թ. – Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ 2001թ. – Ջ.Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոն, Գերմանիա 2004թ. ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Իտալիա 1996-2004թթ. – ՀՀ պաշտպանության նախարարություն, միջազգային ռազմական համագործակցության վարչություն
2004-2016թթ.– ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բելգիա) տարբեր պաշտոններ
2016 թ.-ից ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ
2011թ. գնդապետի կոչումով զորացրվել է ՀՀ զինված ուժերից, նույն թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է Քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ստեղծագործել սկսել է հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: Հրապարակվել է գրական մամուլում` «Գրական թերթ»,  «Գրանիշ»:

«Գեներալ Ալթինթոփ և գայլուհի Աշենա» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝  «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում:  ՀՀ գրողների միության անդամ 2016–ից։

Սա սիրված մտավորականի թվով 4-րդ գիրքն է:  Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը՝ XXI-ի մատենաշարով: Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը: Նշենք,որ նրա «Միստիկա» նկարը Մհեր Իսրայելյանի նոր գրքի շապիկին է: Հեղինակը գիրքը նվիրել է 44 օրյա պատերազմի նահատակ հերոսներից շարքային Վարդան Ամալյանին և Արցախի համար անմահացած բոլոր տղաներին ու աղջիկներին՝նշելով այն հանգամանքն,որ Վարդանը ստեղծագործում էր 12-13  տարեկանից որ պիտի գրող դառնար: Մի քանի խոսքով գրքի մասին:

Ժողովածուի պատմվածքները մարդու մասին են։ Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։ Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը՝ մեծ հայրենիքը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել:

Հեղինակին օրվա առիթով ու գրքի մասին իրենց սրտի խոսքերն ուղղեցին սիրված մտավորականներ Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն՝ ով մի քանի հետաքրքիր դրվագ պատմեց հեղինակի հոր՝ սիրված մտավորական հայ արձակագիր, դրամատուրգ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության  լրատվության և քարոզչության վարչության պետ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր Վրեժ Իսրայելյանի ու Մհեր Իսրայելյանի կյանքից, ինչպես նաև հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը:

Այս գեղեցիկ միջոցառման վերջում գրքի մասին, շնորհանդեսի կազմակերպիչներին ու հրատարակիչներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ Մհեր Իսրայելյանը՝ նշելով,որ մոտ ապագայում ընթերցողներին կներկայանա իր նոր ստեղծագործություններով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր