211652_close_icon
views-count1823 դիտում article-date 20:03 01-09-2021

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ

Սեպտեմբերի 1-ին լիտվական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Լանդսբերգիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան: Նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել ավելի խորացնել գոյություն ունեցող բազմոլորտ համագործակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումների և Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու գործում Լիտվայի ցուցաբերած օգնության համար։

Արարատ Միրզոյանը և Գաբրիելյուս Լանդսբերգիսը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին, այդ թվում՝ մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա հաղթահարման ուղիներին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը պատրաստակամ է կայուն խաղաղության հասնել տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայողը:

Նմանատիպ նյութեր