211652_close_icon
views-count3506 դիտում article-date 21:49 01-09-2021

Խոակին Կապառոս. Հենրիխ Մխիթարյանը մեծապես կօգնի մեզ վաղվա խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 1-ին՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

-Հենրիխ, Ազգերի լիգայի խմբում և Աշխարհի առաջնության մեկնարկային երեք խաղերում հաղթելուց հետո, զգացվում է, որ հավաքականում ձևավորվել է հաղթողի հոգեբանություն: Այդ առումով ին՞չ կարող եք ասել որպես թիմի ավագ:

-Կարող եմ ասել, որ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել էր դեռ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում, որտեղ մեր հավաքականը հաղթեց։ Դա փոխանցվեց արդեն որակավորման առաջին երեք խաղերին։ Թիմային խաղի որակը մեզ մոտ շատ է բարձրացել, և կարծում եմ, որ այն գնալով էլ ավելի կբարելավվի։

-Դուք մի քանի դեպքերում նշել եք, որ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ Ձեր բացակայության պայմաններում պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել իր ուսերին ու թիմին առաջ տանել: Արդյո՞ք դա այն էր, ինչ տեսաք նախորդ 3 խաղերում, և նույնը պետք է ցուցադրել առաջիկա հանդիպումներում՝ արդեն Ձեր ներկայությամբ:

-Եղան առանցքային ֆուտբոլիստներ, որոնք թիմին տարան իրենց հետևից և արդյունք ապահովեցին, որը շատ գովելի է։ Հուսամ, որ մյուս խաղերին նույնպես դա կրկնվի։ Մի քանի անգամ նշել եմ, որ թիմում ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պիտի առաջատարի որակներ ունենա, այլ ամբողջ թիմը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի։ Ցավոք, վաղվա խաղում մեր թիմից երեք առանցքային ֆուտբոլիստներ որակազրկման պատճառով հանդես չեն գա, սակայն վստահ եմ, որ նրանց փոխարինողները պատվով հանդես կգան և կօգնեն հավաքականին։

-Պարոն Կապառոս, վաղվա խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ: Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմը կշահի դրանից։

-Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մասին շատ մեծ կարծիք ունեմ։ Այդ թիմը ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել մեծ մրցաշարերի։ Այո, դաշտի տեր թիմը ունի նոր գլխավոր մարզիչ և երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ վաղվա խաղին մասնակցող ֆուտբոլիստների մեծ մասը ամռանը խաղում էին նաև ԵՎՐՈ-ում։ Ազգային հավաքականների կյանքն այսպիսին է։

-Դուք նշեցիք, որ վաղը փորձելու եք խաղալ Ձեր խաղը։ Ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք ամբողջ խաղը կենտրոնանալու է հավաքական վերադարձած Հենրիխ Մխիթարյանի վրա։

-Մենք թիմային խաղ ենք դավանում։ Մխիթարյանը, իհարկե, շատ մեծ տաղանդով ֆուտբոլիստ է, և նա գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի մեր թիմին։ Վստահ եմ, որ նրա խաղը կօգնի մեր թիմին։

-Պարոն Կապառոս, առաջին խաղում մեր հավաքականին չեն օգնի առանցքային ֆուտբոլիստներ Հարոյանը, Բայրամյանը և Բարսեղյանը: Արդեն որոշե՞լ եք, թե ովքեր են փոխարինելու այս ֆուտբոլիստներին և արդյո՞ք սպասվում են նաև մարտավարական փոփոխություններ։

-Մենք դեռ մեկ պարապմունք ունենք մինչև խաղը, և վաղը կորոշենք, թե ովքեր կփոխարինեն բացակայող ֆուտբոլիստներին։

-Մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ, որի օրոք առաջին խաղն է անցկացնելու: Ինչքանո՞վ էր այդ գործոնը դժվարեցրել մրցակցի խաղի ուսումնասիրությունը և արդյո՞ք խաղաոճի կտրուկ փոփոխություն եք ակնկալում:

-Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղը կտրուկ փոփոխության կենթարկվի։ Նրանք իրենց զինանոցում տարբեր խաղաոճեր ունեն։ Սակայն անկախ դրանից, մենք մրցում ենք բավական բարձր մակարդակ ունեցող թիմի հետ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր