211652_close_icon
views-count1442 դիտում article-date 13:27 21-09-2021

Պետք է ամոքենք մեր վերքերը, նորոգենք մեր տունը և վերահաստատենք այս հողի վրա ապրելու, զարգանալու և հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը, և չկա այլընտրանք. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Հայաստանի Հանրպետության անկախության 30 ամյակի կապակցությամբ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը: Օր, որ ամբողջացնում է մեր պատմական կենսատարածքում ազատ, անկախ ապրելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա իղձերը, և որը սրբագործված է այդ նվիրական երազանքի կերտման համար իրենց կյանքը զոհաբերած մեր լավագույն զավակների արյամբ: 
Անկախ պետականության՝ իբրև մեր ազգի գոյապահպանության միակ բանաձևի և բարձրագույն արժեքի խորքային գիտակցումով, մեր սուրբ նահատակների անձնազոհության դիմաց հավերժ ու անդավաճան պարքի զգացումով, ամենօրյա տքնաջան աշխատանքով, փոխադարձ չարությունն ու ատելությունը միմյանց հանդեպ հարգանքի ու հոգատարության փոխակերպելով պետք է ամոքենք մեր վերքերը, նորոգենք մեր տունը և վերահաստատենք այս հողի վրա ապրելու, զարգանալու և հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը, և չկա այլընտրանք:

Հազարամյա մեր պատմության ընթացքում ստիպված ենք եղել անընդհատ հաղթահարել փորձություններ, վերջին ճիգով լինելիության օգտին լուծել գոյութենական բարդագույն խնդիրներ։ Դրանք ավելի են ամրապնդել մեր կենսասիրությունը, մեր պատմական ժառանգությունն ու գենետիկ հիշողությունը, ինքնությունն ու ազգային ինքնատիպությունը պահպանելու, ազատության ու անկախության, հզոր պետության մեր ձգտումներին հասնելու վճռականությունը։ 

Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած, իբրև ազգ՝ առավել իմաստնացած, յուրաքանչյուրիս անհատական ու անհատույց ներդրմամբ պետության ու պետականության անդադրում շենացումն ու հզորացումն իբրև իրագործվող համազգային տեսիլ որդեգրելով և մեր կենսակերպը դրանով պայմանավորելով, ազգային միասնությանը նոր իմաստ ու նոր բովանդակություն հաղորդելով։ 

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին, և այլընտրանք չունեցող այս նպատակներին հասնելու համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին խոհեմաբար ու սառնասրտորեն առավելագույն ջանք գործադրելով  ներքին անվտանգության կայունացման համար: Ներպետական ու ներհասարակական համակեցությունը, համերաշխությունը պահանջում է մեր քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում, իրավունքների չչարաշահում, իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ, հավատ ու վստահություն պետական, ազգային ինստիտուտների հանդեպ: 
Ուստի, շնորհավոր մեր անկախության 30-ամյակը:

Երիցս փա՛ռք ու խոնարհում այսօրվա և մեր հայրենիքի անկախության գալիք օրերի համար իրենց կյանքը նվիրաբերելով ապրելու, ուղղվելու և հզոր երկիր կառուցելու պատգամ հղած մեր սուրբ նահատակներին:

Նմանատիպ նյութեր