211652_close_icon
views-count16507 դիտում article-date 15:01 28-09-2021

Արցախում Ադրբեջանի ԶՈՒ կողմից 38 անձ սպանվել են դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի հետևանքով. Օմբուդսմեն

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը՝ դեպքերի հակիրճ նկարագրություններով

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։

Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ը  ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման և ներխուժման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ։

Ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքացիական զոհի սպանության հանգամանքների վերաբերյալ զեկույցում ներկայացված է հակիրճ նկարագրություն։

Մինչև 2021թ․ սեպտեմբերի 27-ը հավաքագրված տվյալներով պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը։ 42 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների՝ ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, իսկ 38 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ:

80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք։ 52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 15-ը` հասարակական վայրում, 11-ը` աշխատանքի վայրում, 1 հոգի` ադրբեջանական բանտում։ Քաղաքացիական զոհերի թվում մեծամասնություն են կազմում 63 և ավելի տարիք ունեցող անձինք։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։

Զեկույցը պատրաստվել է փակ և հրապարակային տարբերակով։ Փակ զեկույցում ավելացված են բազմաթիվ լուսանկարներ՝ ներկայացնելով զոհերին մահից առաջ ու հետո: Հրապարակային զեկույցը պատրաստվել է առանց լուսանկարների՝ հաշվի առնելով դրանցում առկա դաժան ու զգայուն պատկերները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր