211652_close_icon
views-count1955 դիտում article-date 12:44 05-10-2021

Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, լողավազաններից. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

«Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն»,-ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ սոցփաթեթը մեկ կարևոր նպատակ ունի՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել:

Սարգսյանը վստահեցրեց, որ օրենքի փոփոխությունը չի բերելու որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց սոցփաթեթի շահառու դարձնելուն: Այսինքն՝ ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ: Այս նախագծով բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի ավելանում:

Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը:

Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա, երբ երկիրը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, հրատապ ռեժիմով որոշվեց բերել այդ հարցը:

Փոխնախարարը արձագանքեց. «Այն քաղաքացիները, որոնց հետ շփվել  և քննարկել ենք այս նախագծի փոփոխությունները, մեզ պարբերաբար դիմել են: Այս խնդիրը լուծելը որևէ ձևով չի խանգարում այլ առաջնահերթությունների լուծմանը»:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 55 կողմ, 24 ձեռնպահ ձայներ:

Նմանատիպ նյութեր