211652_close_icon
views-count1341 դիտում article-date 19:32 15-10-2021

Հայ մարմնամարզիկները մեկնեցին Ճապոնիա՝ աշխարհի առաջնությանը

Ճապոնիա ՝  սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն են մեկնել մեր պատվիրակները: ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, առաջնության մրցավարական հանձնախմբի անդամ  Հակոբ Սերոբյանը և ավագ մարզիչ Հայկ Նազարյանը մրցավայր են ուղեկցել երեք վարպետ:

Անվանի Հարություն Մերդինյանը  և Գագիկ Խաչիկյանը  հանդես կգան նժույգթափերում,իսկ  Վահագն Դավթյանը ՝ օղակների վրա:

Նշած եռյակից Հարություն Մերդինյանը Գլազգոյում անցկացված աշխարհի առաջնությունում, դարձյալ նժույգթափերում, դարձել է բրոնզե մեդալակիր:

Հուսանք, որ մեր ներկայացուցիչները ձեռնունայն չեն մնա խաղարկվող պարգևներից: Ասենք , որ   Կիտակյուշու քաղաքում  հոկտեմբերի 18 –ին մեկնարկող 50 –րդ  համաշխարհային ստուգատեսում հայտավորված են  59 երկրների ավելի քան 400 մարզիկներ:

Ճապոնիան սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության  մայրաքաղաք է դառնում  երրորդ անգամ.  1995թ., 2011թ և հիմա ՝ 2021թ:

Այս առաջնությունը նախատեսված էր անցկացնել Կոպենհագենում:  Բայց դանիացիները համավարակի պատճառով հրաժարվեցին, որի արդյունքում մրցաշարը ընդունեց մարզաձևում հարուստ ավանդույթներ ունեցող, անվանի  բազում մարմնամարզիկների հայրենիք Ճապոնիան:

Ստուգատեսի վերջակետը կդրվի հոկտեմբերի 24 –ին:

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի որոշումով նույն ՝  Կիտակյուշու քաղաքում, հոկտեմբերի 27 – 31 –ը,  աշխարհի առաջնության ծրագրով իրենց հմայքն ու վարպետությունը կդրսևորեն արդեն  գեղարվեստական մարմնամարզությունը ներկայացնող նազելիները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասաց, որ  մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի 19 –ամյա Սիլվա Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր