211652_close_icon
views-count1579 դիտում article-date 23:42 21-10-2021

Երևանում ելույթ կունենա համաշխարհային համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը

Իր խորաթափանց կատարողականությամբ և տեխնիկայի վարպետությամբ մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի ստեղծագործական կյանքը խիստ բազմազան է։ Նա համատեղում է մենակատարի, կամերային երաժշտի, մանկավարժի, գրողի, հաղորդավարի կարիերաները։

Նա ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ և մենակատարումներով հանդես է գալիս խոշոր երաժշտական կենտրոններում:
Սթիվեն Իսերլիսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմական կատարողական ոճի նկատմամբ՝ աշխատելով պատմական ժամանակաշրջանների երաժշտական գործիքներով նվագող բազմաթիվ նվագախմբերի հետ։ Երաժշտի երկացանկը ընդգրկուն է՝ թավջութակի համար համաշխարհային դասական գրականության ընտիր նմուշներից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկեր:

Իսերլիսը ստեղծագործում է նաև երեխաների համար: Նրա մանկական գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Իսերլիսը նվագում է Ստրադիվարիուսի 1726թ. պատրաստած «Մարքիզ դը Կորբերոն» թավջութակը, որը նրան տրամադրվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի կողմից։
Սթիվեն Իսերլիսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արվո Պյարտի Cantus Բենջամեն Բրիտտենի հիշատակին, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտ «Երաժշտական
ուխտագնացություն»   ստեղծագործությունները, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվող «Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
 
 

Նմանատիպ նյութեր