211652_close_icon
views-count1296 դիտում article-date 14:33 22-10-2021

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երեւանում մասնակցել է  ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

«Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որը ոլորտն ունեցել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Նշել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 1,2%)  շրջանառություն եւ 8 հազար աշխատակից ուներ, ապա 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 3,2%), աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000: 2025թ. նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝ 35 հազարի»,- հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած  քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի եւ այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:

«Առաջիկայում Ազգային ժողովի եւ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ  օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը եւ կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը եւ առաջնահերթությունները»,-ասել է Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է նաեւ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել եւ պարզեցված ընթացակարգով  ՀՀ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք ստանալ:

Նշվել է նաեւ «Ինժեներական քաղաք»  ծրագրի եւ որպես շարունակություն «Արտադրական քաղաք» հիմնելու ծրագրի կարեւորության մասին:

Նմանատիպ նյութեր