211652_close_icon
views-count31260 դիտում article-date 10:29 04-11-2021

Անցնում է 2-3 տարի, և բոլորը գլորվում են միևնույն փոսի, միևնույն ճահճի մեջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2018-ի մայիսին, իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը հրահանգել էր պետական հիմնարկների բոլոր աշխատասենյակների պատերից հանել Սերժ Սարգսյանի նկարները և հայտարարել էր, որ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու: Ուշադրություն դարձրեք՝ վարչապետը չի ասել, որ ընտրված ղեկավարներինը կարելի է պատից կախել, իսկ չընտրվածներինը՝ չի կարելի: Հիմա, սակայն, այդ տարբերակումը մտցվում է, եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ արդարացրեց Փաշինյանի նկարներով պատերը «զարդարելը» նրանով, որ նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ընտրված առաջնորդ է:

Ըստ իս, այն՝ 2018 թվականի Փաշինյանն ավելի ճիշտ էր, քան այսօրվանը: Որովհետեւ խնդիրը տվյալ դեպքում ոչ թե ընտրված-չընտրած լինելն է, այլ ժողովրդավարական ճանապարհով գնալն է կամ չգնալը: Անձի լուսանկարն աշխատասենյակում փակցնելն ինձ համար արեւելյան դեսպոտիզմի, անձի անզուսպ պաշտամունքի դրսեւորում է: (Գիտեմ, որ դա երբեմն արվում է նաեւ ժողովրդավարական երկրներում, բայց դա ինձ համար չափանիշ չէ): Այդ նկարը փակցնելով՝ պաշտոնյան ցույց է տալիս, որ առաջնորդի գործերն անքննելի են, որ նրա հասցեին որեւէ քննադատական բառ ասելը վիրավորանք է պետության խորհրդանիշի հասցեին: Ի դեպ, ո՞ր օրենքում է գրված, որ վարչապետը երկրի խորհրդանիշն է՝ դրոշի, օրհներգի կամ զինանշանի նման: Գուցե նախագա՞հն է խորհրդանիշը՝ որպես պետության գլուխ: Կամ՝ ԱԺ նախագա՞հը, քանի որ խորհրդարանական երկիր ենք: Իսկ ինչո՞ւ Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդանիշ չէ:

Քանի որ ես՝ որպես լրագրող, հետեւում եմ արդեն թվով չորրորդ իշխանության էվոլյուցիային, կարող եմ ասել, որ կարեւոր չէ՝ իշխանությունն իր ծագումնաբանությամբ հեղափոխական է, թե զուտ նոմենկլատուրային: Անցնում է 2-3 տարի, եւ բոլորը գլորվում են միեւնույն փոսի, միեւնույն ճահճի մեջ, որը կոչվում է ձանձրալի բյուրոկրատիա: Անդեմ չինովնիկի համար բացարձակապես պարտադիր չէ բոցավառվել վարչապետի նկարով (ինչպես որ արդարադատության նախարարն է անում), նա «շեֆի» նկարը կախում է, որովհետեւ բոլորն են այդպես անում, որովհետեւ՝ եթե չանի, ապա մե՜ծ խնդիրներ կունենա: Եվ խոսքերն ու «արդարացումները» նույնն են դառնում: Երբ վառելիքի թենդեր էին շահում Միխայիլ Բաղդասարովը կամ Բարսեղ Բեգլարյանը, դա կոռուպցիա էր: Իսկ երբ ինչ-որ մրցույթ շահում են Ալեն Սիմոնյանի եղբոր կամ Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ֆիրմաները, դա կոռուպցիա չի: «Չէ, ի՞նչ եք ասում՝ արդար մրցույթ էր»: Քիչ է մնում ասեն, որ դա կոռուպցիա չի այն պատճառով, որ Փաշինյանը ընտրված առաջնորդ է: Այդ հանգամանքը կարծես թե ամեն ինչ ծածկում է:

․․․ Արայիկ Հարությունյանն էլ այլեւս երբեք մետրոյով աշխատանքի չի գնա: «Պալոժ չի»»:

Մանրամասն՝ թերթի յասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր