211652_close_icon
views-count153155 դիտում article-date 10:18 18-11-2021

Ոստիկանական հատուկ օպերացիայի արդյունքում Երևանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկան». հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ. բերման ենթարկվածների մեջ են՝ «Զապը», «Մալաթիացի Ժիրոն», «Մանումենտցի Վարդգեսիկն» ու «Մասկովսկի Արամչոն». ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և «կարմիր բերետների» կողմից Հերացի փողոցում իրականացված հատուկ օպերացիայի  արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված  քրեական հեղինակությունների փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Հարությունյանը, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով»  տիպի  9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված  6 փամփուշտով:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փորձագետի տված եզրակացության համաձայն՝  ատրճանակը հանդիսանում է հրազեն, իսկ փամփուշտները՝ ռազմամթերք:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ այդ օրը նշված անձանցից բացի՝ ոստիկանությունը Երևանում նույն ժամին իրականացրել է նաև մեկ այլ օպերացիա, որի արդյունքում կանխվել է գողական «ռազբորկա»: 

Էրեբունի վարչական տարածքում գտնվող «Վենեցիա» հյուրանոցային համալիրից ոստիկանություն են բերման ենթարկվել  «Զապ» մականվամբ օրենքով գող  Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»  և «Մալաթիացի Ժիրո»  մականվամբ Ժիրայր Բրուտյանը:

Ոստիկանությունում  կարծում են, որ եթե օպերատիվ չգործեին, ապա  նշված անձանց հանդիպման ժամանակ հնարավոր էր տեղի ունենար բախում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները ոստիկանության «կարմիր բերետների» հետ Հերացի փողոցում իրականացրել են հատուկ օպերացիա։ 

Օպերացիայի արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձինք։ Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի «Մոնումենտցի Վարդգեսիկ» մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն էր, մյուսը «Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ» մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն էր, իսկ մյուսը «Երրորդմասցի Արմենչիկ» մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն էր։ Վերջիններս եղել էին զրահապատ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենաներով, նրանցից մեկի մոտ  եղել էր «Մակարով» տեսակի ատրճանակ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր