211652_close_icon
views-count7746 դիտում article-date 10:30 19-11-2021

Զենքով զինվորը գերի ընկնի՞, ու ինչպե՞ս է ստացվում, որ անընդհատ մերոնք են գերի ընկնում, ինչո՞ւ թշնամին գերի չի ընկնում․ Պատմաբան

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ոչ մի քայլ այս պահին չեմ տեսնում, որ կարող ենք անել։ Ընդամենը կարող ենք մեղմել այն, որովհետև խորքային խնդիրներ են։ Իսկ թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել։ Բայց այն, որ պահը բաց ենք թողել՝ դա փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։

Նա նշեց, որ սա ո՛չ Ռուսաստանի խնդիրն է, ո՛չ էլ Եվրոպայի։

«Մենք շատ ենք սիրում խնդիրներն անընդհատ գցել Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի վրա, վերջին օրերին էլ անընդհատ սլաքներն ուղղվում են ռուսական կողմի վրա, թե ինչո՞ւ չի գալիս մեզ պաշտպանի, և այլն։ Բայց մի կարևոր բան կա․ եթե դու քեզ չես պաշտպանում, ոչ ոք չի գալու պաշտպանի քեզ։ Դու փորձիր, եթե չստացվի պաշտպանվել՝ կգան, քեզ կօգնեն։ Սակայն, եթե չես պաշտպանում ու հայտարարում ես, թե՝ եկեք, մեզ պաշտպանեք, բնական է՝ ոչ ոք էլ չի գալու, ոչ ոք իր զինվորին չի բերելու այստեղ։ Մենք պետք է մի բան գիտակցենք, որ Ռուսաստանը Հայաստանի պատճառով չի կարող կորցնել Ադրբեջանը, և սա պետք է լինի մեր քաղաքականության հիմքում։ Չպետք է ավելին ակնկալել։ Ռուսաստանը մեզ աջակցում է ռազմատեխնիկական առումով, բայց մնացած շատ հարցեր ինքներս պետք է լուծենք, չսպասենք Եվրոպային կամ Ռուսաստանին։ Այս սխալ շրջանակից պետք է դուրս գալ, որում եղել ենք շուրջ 30 տարի․ Ռուսաստանը թույլ չի տա, ԱՄՆ-ը թույլ չի տա․․․։ Եթե դու քո տարածքը չես կարողանում պահել, ոչ ոք չի գալու պահի։ Մենք պետք է դառնանք գործոն՝ քրդերի նման։ Ու եթե տեսնեն, որ մենք պայքարում ենք, կանգնելու են մեր կողքին, սակայն եթե սպասենք, որ մեկը պետք է գա՝ մեզ փրկի, ոնց որ 4-րդ դարից մինչև հիմա է, ոչ ոք էլ չի գա»,- նշեց պատմաբանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու ներխուժման արդյունքում գերեվարվող զինվորներին, ովքեր դիմադրություն ցույց չեն տալիս, մոտեցող թշնամուն չեն վերացնում, Գևորգ Մելքոնյանը նկատեց․ «Որովհետև այդ զինվորը չի դաստիարակվել հայրենասիրական ոգով, թևաթափ է։ Զինվորը պետք է ոգի, հայրենիքի գաղափար ունենա, պետք է գիտակցի՝ ինչի համար է այդտեղ կանգնում և ինչ առաքելությամբ։ Զինվորը պետք է իմանա պատմություն, ունենա հայրենասիրություն և պետականության զգացում։ Երբ զինվորը սա չունի՝ գերի է ընկնելու։ Իսկ երբ գերիներին ընդունում են զուռնա-դհոլով, մյուսի մոտ տարակուսանք է առաջանում՝ ինչո՞ւ կռվել-զոհվել, եթե կարելի է գերի ընկնել, ու իրեն զուռնա-դհոլով դիմավորեն։ Զենքով զինվորը գերի ընկնի՞։ Ու ինչպե՞ս է ստացվում, որ անընդհատ մերոնք են գերի ընկնում, ինչո՞ւ թշնամին գերի չի ընկնում։ Լավ, մի 2-3 դեպք կարող է լինել, բայց ոչ միշտ ու մասսայական։ Ադրբեջանցիները գերի չեն ընկնում, որովհետև նրանց զինվորների հետ վերջին տարիներին հայրենասիրական, պատմական այնպիսի աշխատանք է տարվել, որ գերի չընկնեն»։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր