211652_close_icon
views-count72111 դիտում article-date 15:48 23-11-2021

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս Նարեկ Մանուկյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հերոսին նվիրված հիշատակի օր էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում հիշատակի օր էր: Դպրոցի սան, լեգենդար  Դավիթ Սարապյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասարանում նշվեց Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած,  21-ամյա Նարեկ Մանուկյանի ծննդյան օրը:

Միջոցառմանը ներկա էին հերոսի մայրը, հարազատները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կոլեկտիվը: Դասարանում դպրոցի սաները  հանդես եկան գեղեցիկ կատարումներով՝ նվիրված Նարեկին:

Վերջինիս  դասավանդած ուսուցչուհին  ներկայացրեց Նարեկին,  իսկ վերջում  իր խոսքն ուղղեց հերոսի մայրը՝ տիկին Մարինան:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս դպրոցում լավագույն ավանդույթները ոչ միայն պահպանվում, այլ շարունակվում են:

 Թե՛ տնօրինությունը, թե՛ ուսուցչական կազմն ու սաները ըստ արժանվույն են գնահատում դպրոցի այն սաներին, ովքեր հանուն Հայաստանի ու Արցախի զոհաբերեցին իրենց կյանքը:

Նրանք են՝  44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած Արամ Ռոբերտի Առաքելյանը, Տիգրան Արսենի Միկոյանը, Միքայել Արթուրի Ազարյանը, Սուրեն Էդուարդի Մելիքյանը և Նարեկ Հրաչյայի Մանուկյանը:

 Այս դպրոցում է սովորել նաև մեկ այլ լեգենդ ազատամարտիկ՝  «Դև» մականվամբ  Դավիթ Սարապյանը:

Նարեկ Մանուկյանը ծնվել է 2000թ-ի նոյեմբերի 21-ին՝ Երեվանում: Փոքրուց շատ հետաքրքրասեր էր: Հետաքրքրվում էր ամեն ինչով, ինչ վերաբերվում էր գիտությանն ու նորարարություններին:

Դպրոցական տարիներին հաճախում էր մարմնամարզության, կարատեի, հետագայում ՝ նկարչության և լողի մարզումների: Զուգահեռում էինք նաև կիթառի դասընթացները: Մինչդեռ Նարեկը ծնողներից ժառանգել էր երաժշտական տաղանդը ՝ դպրոցի լավագույն ուսուցիչների շնորհիվ բացահայտվեց նաև նրա ձայնային հնարավորությունները և ավարտական դասարանում նա իր խրոխտ ձայնով կատարեց վետերաններին նվիրված հայրենակցական երգ, որով նա զարմացրեց բոլորին, նույնիսկ ինձ:

Տաղադավոր էր և բազմաշնորհ: Ես միշտ հպարտացել եմ իմ տղայով, դպրոցում և այլուր միայն գովեստի խոսքեր էի լսում նրա մասին: Արդարադատ էր: Հիշում եմ, կարատեյի մրցումների ժամանակ , երբ ինքն իր մրցակցին հաղթեց չէր ընդունում իր հաղթանակը: Նա ասում էր՝ իմ մրցակիցն ինձնից ցածր էր, մենք հավասարներով չենք պայքարի մտել, ես ինձ հաղթող չեմ համարում, անարդար ճանապարհով մեդալ ինձ պետք չէ:

Գնահատող էր: Մարդկանց վստահում էր, հավատում: 4 տարի առաջ կորցրել էր հորը: Շատ ծանր էր մեր ընտանիքում, անսպասելի էր: Մեծ հարված էր իմ ու երեխաներիս համար:

Նարեկը ավագ որդիս էր, իմ ընկերը լավագույն, խորհրդատուն: Նա այքան հասուն և ճիշտ կշռադատող էր, բազմաժանր հետաքրքիր զրուցակից: Նրա հետ զրուցելիս թեմաները չէին ավարտվում: Երբ եկավ բարձրագույն հաստատություն ընդունվելու ժամանակը, ես դիմեցի դպրոցի տնօրենին, որպեսզի ինձ ուղղորդի մասնագետի ընտրության հարցում: Նա ինձ մերժեց և ասաց, որ նա ինքն իր ուժերով կարող է ընդունվել, անկասկած: Այդպես էլ եղավ, ինքնուրույն պարապեց և իր ուժերով ընդունվեց բուհ՝  Երևանի Ճարտարապետական և շինարարական ֆակուլտետի Դիզայն բաժինը: Մեկ կիսամյակ սովորեց որդիս բուհում, շատ հաճույքով և սիրով էր հաճախում: Ոչինչ չէի խնայում նրա համար, բոլոր ցանկություններն ու պահանջները կատարում էի նրա, բայց նա երբեք չի առիթավորվել դրանից, ամեն ինչից շնորհակալ էր միշտ:

2019 թ-ի հունվարի 31-ին զորակոչվեց հայկական բանակ: Նա ուներ առողջական խնդիրներ տեսողության հետ կապված և մեջքի կիֆոզ, որն ազատման աստիճանի էր: Սակայն նա մերժեց բոլոր տիպի իմ համոզումներն ծառայությունից իրեն ազատվելու: Ասաց՝ ես իմ ընկերներից լավը չեմ ու ոչնչով պակաս չեմ, որ պետք է ազատվեմ և հետո ես պետք է ծառայեմ, որպեսզի եղբորս համար ճանապարհ հարդեմ:

Բոլոր ընկերներին փառքով ճանապարհեց և զինակոչի հենց վերջին օրը ինքն էլ մեկնեց ծառայության: 2019թ-ի հունվարի 31-ին զորակոչվեց հայկական բանակ՝ սկզբում Կապանի զորամաս, հետո տեղափոխեցին (Սանասար)Կուբաթլու, որտեղ էլ ծառայեց մնացած ամիսները:

Ամենասկզբից նկատվել էր իր խելացիությամբ և գծագրելու ունակության մեծ շնորհով: Զորամասում տեղագրական քարտեզագիր էր: Որոշ ժամանակ անց հրաժարվեց: Ասաց՝ չեմ ուզում զորքից տարբերվեմ և առանձնանամ: Ծառայության 21 ամիսների ընթացքում 5 անգամ տեղափոխվել են Ջրական՝ ( Ջաբրայիլ) ինժեներական աշխատանքների:

Ամեն անգամ, երբ զանգում էր, ոգևորությամբ պատմում էր իր առաջադիմությունների մասին: Նարեկը շատ սիրված էր, անհամար ընկերներ ուներ՝ այդ թվում նաև՝ աղջիկ ընկերներ:

Նա երբեք մենակ չեր մնում, գիշերն էլ չէր ուզում քնել, օրը կարծես չէր բավականացնում իրեն: Հոգ էր տանում բոլորի մասին: Նույնն էլ ծառայության ընթացքում: Նա իր գիտելիքերով հարստացնում էր իրեն շրջապատողներին: Ասում էր՝ ես ձգտում եմ բարձունքների, որպեսզի շատ բան ունենամ տալու մարդկանց: Ծառայության ընթացքում էլ նույն դրսևորումներն էին ՝ լավ ընկերներ և ամեն ինչ հաղթահարելի:

Նարեկի լավ ծառայության և հայրենիքին նվիրվածության արդյունքում նրան տրվեց կրտսեր սերժանտի կոչում, հետագայում ՝ ջոկի հրամանատար: Գոհ էր ծառայությունից, երբեք չէր տրտնջում ոչնչից:

Հոկտեմբերի 27 -ի առավոտյան, երբ պատերազմը սկսվեց՝ իմ երկու որդիներս էլ ծառայում էին: Փոքր տղայիս ՝ Դավիթիս հետ կարողացա կապնվել, բայց Նարեկս անհասանելի էր: 11:30 -ի կողմերը զանգեց, ասաց մեզ տանում են էնտեղ  որտեղ միշտ տանում էին, անուններ չտալով, ասաց՝ մամ ջան, մի քիչ խառնա, բայց չանհանգստանաս, ես հենց հարմար լինի՝ քեզ կզանգեմ:

Այդ զանգից հետո 4 օր լուր չունեցա որդուցս: Նարեկենց զորքն այդ ժամանակ թեժ մարտերի մեջ կռիվ տալով հայտնվել էր շրջափակման մեջ և 4 օր կորած են համարվել: Հետո մի կերպ 10 հոգանոց իր ջոկը բազում կիլոմետրեր կտրել, անցնելով՝ ոտքով հասել էին իրենց Կուբաթլուի զորամաս:

Պատերազմի ժամանակ զանգում էր: Շատ կարճ էինք խոսում: Հարցնում էր՝ ձեր մոտ ի՞նչ կա, լուրերից էր հետաքրքրվում, իրենք կտրված էին աշխարհից ամբողջովին: Ասում էր՝ մենք հեռու ենք սահմանից, հետ ենք, այնինչ իրենք մշտապես և ամենուր առաջնագծերում էին:

Հոկտեմբերի 17-ին զորքը նահանջի հրաման ստանալով, տեղափոխվում է Գորիս, որտեղից էլ նորից անցում են Խնձորեսկի դիրքերի պաշտպանության: Հոկտեմբերի 22-ի լույս առավոտյան Նարեկը նկատում է աթս-ն և զգուշացնում զինակիցներին, մի քանի վայրկյան անց՝ ժամը 6:46- ին, կասետային ականի պայթյուն է որոտում: Որդիս վիրավորում է ստանում սրտի հատվածում: Առաջինն իրեն են հասնում զինակիցները, կանչում բուժօգություն, սակայն տղայիս կյանքը փրկել չի հաջողվում:

Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ զոհվելու նախորդ երեկոյան: Այդ գիշեր երկար խոսել է եղբոր հետ, հետո ասել է՝ սիրտս հանգստացավ, որ եղբայրս ապահով է ու կարծես հրաժեշտ է տվել: Լուրն իմացա Դավիթիցս, երբ նրան ուղարկեցին տուն: Այդ օրվանից մեր տան լույսը մարեց ընդմիշտ: Նա լույսն էր մեր, ապագան, մեր հույսը բարու, մեր հոգին կայտառ, մեր ամենան... 25 օր դաժան օրեր անցնելով, մաքառեց հայրենիքի սահմանները պաշտպանելով:

Զոհվելու օրը Նարեկի զորացրվելուն մնացել էր ուղիղ 100 օր:

 Նարեկը զոհվեց հանուն արդարության, հանուն մեր անվտանգության և խաղաղ կյանքի: Փա՛ռք մեր հերոսին: Նարեկին հուղարկավորել են հոկտեմբերի 26-ին՝ Եռաբլուր Զինվորական Պանթեոնում:

Հրաանատարական կազմի կողմից Հետմահու պարգևատրվել է ՀՀ « ՀԵՐՈՍԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ» և «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով:


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր