Վահե Միսակյանն այն եզակի դատավորներից է, ում կայացրած որոշումը պարտավոր ենք հարգել. Արմեն Չարչյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
NEWS.am-ը գրում է. Ես մնում եմ իմ կարծիքին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հիմքերը կային։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ դատարանը մերժել է Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը։
«Դատավոր Միսակյանն այլ կարծիքի է, պարտավոր ենք այդ կարծիքը հարգել։ Պարոն Միսակյանն այն եզակի դատավորներից է, եթե որեւէ որոշում կայացնում է, ապա դա իր կարծիքն է։ Դա կգոհացնի մեզ, թե չի գոհացնի, բայց ամենակարեւորն այն է, որ դատավորը կայացնում է այն որոշումը, որն ինքն է կարծում, որ այդպես է։ Մեր պայքարը շարունակվում է, հետագայում կհասկանանք՝ ինչ կանենք»,- նշեց պաշտպանը։
Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է նույնը. «Շաքարային դիաբետի այդ ծանր ձեւը պահպանվում է, ինսուլինի այն քանակը, որը նա ստանում էր 100-ից ավելի, մինչեւ օրս ստանում է սեփական միջոցներով»։
Նշենք, որ այս ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա շարունակում է մնալ կալանքի տակ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել, ապա Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):