211652_close_icon
views-count34355 դիտում article-date 11:09 03-12-2021

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են թիվ 63 երթուղին սպասարկող Fiat-ն ու «Յանդեքս Տաքսի» Nissan-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

 Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց, բախվել են  Վահագն Մկրտչյանի վարած Nissan Tiida  և Ահարոն Հովհաննիսյանի վարած Fiat Ducato մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բենզալցակայանի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից  մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջները, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկայի ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Nissan Tiid-ն շահագործվում է որպես  «Յանդեքս Տաքսի», իսկ Fiat-ը սպասարկում է թիվ 63 երթուղին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր